Search
Close this search box.

Լևոն Մկրտչյանը ավելի շուտ կփակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցը

Հայաստանում կրթական համակարգը գնալով լուրջ ճգնաժամ է ապրում: Մի խնդիրը չմարսած, մյուսներն են ջրի երես դուրս գալիս: Միայն վերջին շրջանում կրթական համակարգի ներսում լուրջ իրադարձություններ ծավալվեցին: Նախ կրթության դաշնակ նախարարը որոշեց փակել դպրոցներ, քայլ որը եթե անգամ ֆինանսական առումով ճիշտ, ապա կրթության, մշակույթի մասով փակուղի էր, քանի որ դպրոց փակել նշանակում է փակել տվյալ գյուղը: Ինչևէ, Լևոն Մկրտչյանը գնաց այդ քայլին:

Ապա կրթության թիվ մեկ պատասխանատու սուբյեկտը հանկարծ հայտարարեց, որ հայերենից բացի լինելու է նաև ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ` տարակուսանքի մեջ թողնելով բոլոր նրանց, ովքեր մինչ օրս մտածում էին, որ ռուսերենը օտար լեզու է, քանի որ երկիրն ունի մեկ պետական լեզու և դա՝ հայերենն է: Փաստացի, դաշնակ նախարար Լևոն Մկրտչյանն՝ իր ազգային գաղափարախոսության դիրքերից, այս դեպքում էլ մեզ կանգնեցրեց անհասկանալի փաստի առաջ: Փոխարենը զենիթա-հրթիռային պաշտպանության տակ առավ ռուսերենի իրավունքներն այն դեպքում, երբ նախարարի պաշտպանության կարիքն ունեին մի շարք փակվող դպրոցներ:

Այնպես որ, զուր էր Հայաստան գալիս ՌԴ ԿԳ նախարարը, քանի որ Լևոն Մկրտչյանն ամեն ինչ անում է, որ  Հայաստանում չտուժի ՌԴ ազգային գաղափարախոսությունը : Ավելին, մեր կրթության սուբյեկտը ռուս գործընկերոջը՝ նախարար ընդունում` դոկտոր ճանապարհում է: Լևոն Մկրտչյանի ռուսերենի հանդեպ սերը միայն դրանով չի սահմանափակվում: Լևոն Մկրտչյանի ընտանիքին պատկանող հյուրանոցը ևս գտնվում է Երևանի Լենինգրադյան անունը կրող փողոցում: Ավելի մեծ նվիրում դժվար է պատկերացնել:

Փոխարենը Լևոն Մկրտչյանի աչքի առաջ դասադուլ են անում ու մի դեպքում պահանջում վերջ տալ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի անօրինականությանը, մյուս դեպքում` ցանկանում նորմալ շենքային պայման, ուր հնարավոր կլինի դաս անել: Այս դեպքում պահանջն արդարացի է` ինչու կրթության նախարարը կարող է շքեղ հյուրանոցներ ունենալ, իսկ իրենք զուրկ լինեն կրթություն ստանալու տարրական պայմաններից: Սա այն դեպքում, երբ դպրոցը կրում է Վարդգես Պետրոսյանի անունը: Հետևելով Լևոն Մկրտչյանի քայլերին կարելի է ենթադրել, որ նախարարն ավելի շուտ կփակի Վարդգես Պետրոսյանի անունը կրող դպրոցը, քան այնտեղ աշխատանք կանի, քանի որ այդ դպրոցը չի մտնում որևէ ազդեցության հայեցակարգի մեջ, բացի հայրենական ազդեցությունից: Իսկ հայրենականը մեր չինովնիկների կողմից որպես կանոն ստորադասվում է` ռուսերենի հայեցակարգը վկա:

ArmLife.am