Search
Close this search box.

Համայնքների խոշորացման դեպքում գրադարանների խնդրիրը անուշադրության է մատնվում

Գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Համայնքային  գրադարանների ներկան եւ ապագան.զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ.

Դեռեւս 1995 թվականին , երբ նախապատրաստվում էր մարզային բաժանումը, մենք հարց բարձրացրեցինք, որ գրադարանները մնան պետական հսկողության տակ: Սակայն, ի տարբերություն դպրոցների, դրանք տրամադրվեցին համայնքերին: Ի՞նչ կատարվեց այս ընթացքում:
Համայնքային գրադարանների թիվը վերջին 25 տարվա ընթացքում բավականին պակասել է, 200-ից ավելի համայնքային գրադարան է փակվել: Միայն անցյալ տարի 58 համայնքային գրադարան է փակվե:Գրականության ֆոնդը ավելի քան 4 միլիոնով պակասում: Այս թվերը ի ցույց են դնում այն իրավիճակը, որ կա այսօր մեր հանրապետությունում: Եթե մենք մտածում ենք գյուղը պահելու, զարգացնելու մասին, մեր մշակութային քաղաքականությունը եւս պետք է միտված լինի դրան: Պետք է գրադարաններում այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ մարդը ազատ ժամանակ գնա եւ օգտվի այդ գականությունից:
Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ համայնքների խոշորացման դեպքում գրադարանների խնդրին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, դա դարձել է ինքնաբերաբար լուծվող հարց: Գրադարանավարի, առանց այն էլ շատ փոքր աշխատավարձը, ավելորդ շռայլություն է համարվում: Ճամբարակի գրադարանավարը , օրինակ, երբ դժգոհել էր ցածր աշխատավարձից, աշխատանքից ազատել էին: Համայնքապետը ասել էր, այդ գումարով ճանապարհների փոսերը կլցնենք…. Շատ գյուղերում գյուղապետը ասում է՝ ես մեծ գործ եմ արել, գրադարանը փակել եմ եւ ֆոնդը հանձնել դպրոցին: Բայց չ՞է որ դպրոցի խնդիրը ուրիշ է, համայնքի գրադարանի խնդիրը՝ բոլորովին ուրիշ: Ոչ մի գյուղի մարդ չի գնա դպրոցի գրադարանից գիրք վերցնի:
Խոսում ենք համայնքային գրադարնների աղետալի իրավիճակի մասին: Ասում ենք գրադարան չեն այցելում, ինչո՞ւ չեն այցելում: Եթե 25 -30 տարի գրադարանը ոչ թերթ է ստացել, ոչ գիրք է ստացել, ի՞նչ պետք է գտնի ընթերցողն այնտեղ: Չունենք գյուղական գրադարան, որը արտահայտի մշակութային իրավիճակը: Գրադարաններում 10 տոկոս հասարակական քաղաքական գրականություն կա, որ Սովետական Միությունից է ժառանգություն մնացել… Այսօր լույս տեսած գրականությունը գրադարան չի մտնում: Ողբալի վիճակում է մանկական գրականության ֆոնդը, ոչ մի նոր բան չունենք առաջարկելու երեխաներին: Այն դեպքում,երբ շատ լավ մանկական գրականություն է հրատարակվում հանրապետությունում:

Անդրադառնամ օրենսդրական դաշտին. ՏԻՄ վերաբերող օրենքում, որ ընդունվել է 2001 թվականին, մի հոդված կա, որը փաստում է՝ տեղական համայնքը պարտադիր պետք է գրադարան ունենա: Այդ դրույթին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Այսօր մենք 915 գյուղական համայնք եւ 572 գյուղական գրադարան ունենք:
Շատ պասիվ են նաեւ մեր գրադարանների աշխատողները: Պայքարում են միայն այն դեպքում, երբ իմանում են, որ իրենց ազատում են աշխատանքից: Մեր ասոցիացիան հիմնադրվել է 1994 թվականին եւ արդեն 24 տարի է գործում է: Այս ընթացքում որեւէ գրադարանավար մեզ չի դիմել որեւէ հարցով: Միայն Արտաշատի գրադարանի տնօրենն է դիմել մի քանի ամիս առաջ եւ մենք հարցին լուծում ենք տվել: Արտաշատ քաղաքում համայնքային երեք մասնաճյուղ էին փակել եւ ստեղծել էին քաղաքի մասշտաբով համակարգ՝ մեկ կենտրոնական գրադարան, իր երեք մասնաճյուղերով: Երբ դրվել էր մասնաճյուղերի փակման հարցը գրադարանի տնօրենը ասոցիաիցիային նամակ էր գրել՝ խնդրելով օգնել: Մենք այցելեցինք այնտեղ եւ չփակվեցին մասնաճյուղերը եւ դեռ մի հաստիք է ավելացրեցին: Այսինքն՝ կա աշխատելու, գրադարանը պահելու հնարավորություն, բայց դա կախված է մեր պաշտոնյանների բարի կամքի դրսեւորումից: Գյուղական գրադարաններ կան, որտեղ աշխատողները բարձր աշխատավարձ են ստանում, օրինակ՝ Արմավիր գյուղում, որտեղ 80-90 հազար աշխատավարձ են տալիս:
Հանրապետությունում տարիներ շարունակ այնպիսի մթնոլորտ է եղել, որ մարդիկ վախեցել են բարձրաձայնել խնդիրները ու փորձել լուծումներ ստանալ: Այսօր նոր շրջան ենք մտնում եւ, եթե կարողանանք բոլորս միասին քննարկումներ ծավալել, շատ խնդիրներն էլ լուծում կգտնեն:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ