Search
Close this search box.

ՀԴՄ դիկտատուրան պետք է հաստատվի. Փաշինյան

Հայաստանի տնտեսության մեջ դրական փոփոխությունների արդյունքը տեսանելի կլինի այն ժամանակ, երբ կարձանագրվի քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային կարևորությունը և դա կկիրառվի տնտեսության մեջ: Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին Facebook սոցիալական ցանցի լայվի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարեւորելով նաեւ քաղաքացիների մասնակցությունը երկրում տնտեսական փոփոխությունների գործընթացին:

«Տնտեսության փոփոխությունները պետք է տեղի ունենան բոլոր քաղաքացիների մասնակցությամբ: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ իր տանը բազմոցին պառկած անձը սպասի, թե իր կյանքը երբ է փոխվելու: Այդ մարդու կյանքը, ով բազմոցին է պառկած երբեւէ չի փոխվելու: Այդ պայմաններում նրա կյանքը չի փոխվելու, կփոխվի այն ժամանակ, երբ կառավարությունն իր անելիքն անի, իսկ կառավարությունը միանշանակ կանի իր անելիքը, իսկ բազմոցին պառկած մեր հայրենակիցն անի իր անելիքը: Մենք Գյումրիից վեր կացանք, քայլելով եկանք Երեւան: Այդ ընթացքում, երբ մարդիկ որոշեցին, որ իրենց քայլն են անում, տեղի ունեցավ փոփոխությունը: Հիմա հին տնտեսական համակարգից գնում ենք նոր տնտեսական համակարգի: Քաղաքական հեղափոխությունից քայելով գնում ենք տնտեսական հեղափոխության: Եթե քաղաքացիները մեզ հետ քայլեն, ապա այդ ժամանակ էլ արդյունքը կերևա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այսօր սոցիալական նպաստներ ստացողներ կան, ովքեր ամիսը 1 մլն դրամի, 800 հազար դրամի վարկ են փակում: Այս իրականությունը պետք է փոխել:

Նա ներկայացրեց մի օրինակ, երբ խանութում կոնյակ է գնել և ՀԴՄ կտրոն իրեն չեն տվել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա խոսում է այն մասին, որ այդ մարդու կյանքում բան չի փոխվել. «Մինչև վերջ կանգնել եմ, որ կտրոնը տան: Մինչեւ խանութի աշխատողը ՀԴՄ-ի սարքը միացրեց հինգ- վեց րոպե տեւեց: Իրենց թվում է, որ պետք է շարունակեն հարկ չվճարել, բայց ասել, որ ճանապարհները լավը չեն, թոշակները բարձր չեն, աշխատավարձները բարձր չեն: Մենք ասում ենք հետեւյալը, մենք չենք ուտում ձեր հարկերը, բայց դուք պետք է դրանք վճարեք: Այո, հարկ չվճարողը նույնն է, ինչ կոռումպացված պաշտոնյան: Կան մարդիկ ասում են՝ վայ էնքան խեղճ ենք, ՀԴՄ կտրոնը չենք կարող տալ… դրա համար մենք անում ենք փոփոխություն, մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցողը կազատվի հարկերից: Միգուցե տեղին չհնչի, այդ բառը լավը չի, բայց այդ ՀԴՄ դիկտատուրան պետք է հաստատվի: Մենք չենք լափում ձեր վճարած հարկերը, բայց դուք պետք է վճարեք հարկերը, եւ ես պնդում եմ, որ հարկ չվճարող քաղաքացին նույնն է, ինչ կաշառակեր նախարարը կամ կոռումպացված վարչապետը: Իսկ քաղաքցիական հասարակությունը չպետք է թույլ տա, որ ՀԴՄ կտրոն չխփվի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այստեղ թացը չորից տարբերելու խնդիր կա: Բիզնեսին հարկային օրենսդրությունը շրջանցելու հնարավորություն չտալու համար, անհրաժեշտ է, որ բոլոր գործարքները ՀԴՄ-ով երևա, որպեսզի իրական շրջանառությունը պարզ լինի, այդ պարագայում իսկապես 24 մլն շրջանառություն ունեցողները ազատվեն հարկից: Նա ընդգծեց, որ այդ դրույթը իմաստ կունենա, եթե բացառվեն ՀԴՄ չխփելու դեպքերը: Այստեղ Նիկոլ Փաշինյանը կարևորեց քաղաքացու դերը, ով հետևողական կլինի և կանի իր բաժին փոփոխությունը: