Search
Close this search box.

Թատրոնի աշխատակցին փոխտնօրենի հանձնարարականով ծեծել ու կողոպտել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 8-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի բնակիչ, 41-ամյա Արման Թոթոսյանը, ով հայտնել է, որ հունվարի 6-ին, երեկոյան իրենց շենքի շքամուտքում իրեն են մոտեցել իրեն ծանոթ Սուրիկ Աղաբաբյանի կողմից ուղարկված 3 քաղաքացի, որոնցից 2-ը հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ծեծողներից մեկն էլ իր ու իր ընտանիքի անդամների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներով պահանջել է կատարել Ս. Աղաբաբյանի կողմից պահանջված աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու հանձնարարութունը: Ա. Թոթոսյանը իրավապահներին հայտնել է նաև, որ միջադեպի ժամանակ իր դրամապանակը գրպանից ընկել է, որի մեջ եղել է գումար, բանկային, խանութների կուտակային և աշխատանքի վայրի անձնագրային քարտեր, իրեն հարվածողներից մեկը վերցրել է դրամապանակն ու նշված անձանց հետ հեռացել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Թոթոսյանը իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես օպերատոր, իսկ նրա մատնանշած Ս. Աղաբաբյանը աշխատում է նույն թատրոնում՝ որպես փոխտնօրեն: Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Թոթոսյանի մատնանշած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: