Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառայության ընթացքում չպետք է լինեն բացթողումներ, այլապես թերացողները խիստ կպատժվեն. Վ. Օսիպյան

Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության: Դեկտեմբերի 27-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների շարային ստուգատես, որն անցկացրել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ստորաբաժանումների ղեկավարներ:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրահանգել է ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգն ապահովելիս հանդուրժողականություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ, ծառայության ընթացքում չպետք է լինեն բացթողումներ, այլապես թերացողները խիստ կպատժվեն:

Ճանապարհային ոստիկանությանը հրաման է տրվել խիստ վերահսկողություն սահմանել ճանապարհներին, ոչ սթափ վիճակում գտնվող բոլոր վարորդները պետք է հայտնաբերվեն, ենթարկվեն վարչական պատասխանատվության, մեքենաներն էլ տեղափոխվեն պահպանվող հատուկ տարածքներ:

Ոստիկանությունն այս օրերին կիրականացնի շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝ տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: «Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում չխախտել հասարակական կարգը, անսթափ վիճակում չնստել ղեկին ու չխախտել օրենքը: Բոլոր օրինախախտները ենթարկվելու են պատասխանատվության:

Ոստիկանությունն անելու է ամեն ինչ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու համար, իսկ տոնական օրերի տոնականության ապահովումը բոլորիս իրավագիտակցության, փոխադարձ հարգանքի ու համերաշխության խնդիրն է»,-ասված է հաղորդագրության մեջ: