Search
Close this search box.

Երբ է նախկին ՊՆ Միքայել Հարությունյանը ստացել Ռուսաստանի քաղաքացիություն. ՀՔԾ հարցում է ուղարկել ՌԴ

Հատուկ քննչական ծառայությունը Ռուսաստանի դաշնության իրավապահ մարմիններից ստացել է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության վերաբերյալ հարցման պատասխանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից, ռուսական կողմին ուղարկել են լրացուցիչ հարցում` պարզելու, թե երբ է Միքայել Հարությունյանը ստացել Ռուսաստանի քաղաքացիություն:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:

Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը պատասխանում է Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամների, տվյալ դեպքում` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի հարցերին:
Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի սահմանադրության համաձայն կարելի՞ է բանակն օգտագործել երկրի ներքին կյանքում, Միքայել Հարությունյանը ասում է` իհարկե, կարելի է, եւ պարզաբանում, որ Գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն` երկրի նախագահը Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիր էր ստորագրել, եւ իրենք գործել են այդ հրամանագրի համաձայն:

Երբ Անդրանիկ Քոչարյանը ընթերցում է Սահմանադրությունը` նշելով, որ բանակը կարելի է օգտագործել միայն 3 դեպքերում` հանրապետության վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի եւ պատերազմ հայտարարելու դեպքում, եւ այն էլ` ռազմական դրության ժամանակ, Միքայել Հարությունյանը հարցնում է, թե ինչո՞ւ են իրեն այդ հարցերը տալիս ու նշում է, որ նախագահի գործառույթը ինքը չի պատրաստվում քննարկել. – «Ես ուզում եմ հասնակալ, թե ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս… Ես պաշտպանության նախարար եմ եղել, Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթը ես չե՞մ քննարկելու այստեղ»:

Տեսանյութը youtube-ում հայտնվել է 2011թ․-ին։