Search
Close this search box.

Կոտայքի մարզպետը ահազանգում է. նախկին մարզպետի ընտանիքը թղթե՞ր է կեղծել

Քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» կոչվող քանդակը, որը գտնվում է Երևան-Սևան միջպետական ճանապարհին կից՝ Բյուրեղավան համայնքին պատկանող հողատարածքում, տեղափոխվել է հատուկ պահպանության տարածք՝ վերականգնելու և նորից տեղադրելու նպատակով: Արձանի տարածքը, սակայն, արդեն տևական ժամանակ պատկանում է քաղաքացու, ով 2006 թվականից մինչ օրս աճուրդային վաճառքի պայմանագրի համաձայն՝ «հողատարածքի» հետ կապված շահագործման և քաղաքաշինական բնույթի պարտավորությունները չի կատարել, չի պահպանել տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը, բարեկարգման անհրաժեշտ աշխատանքներ չեն իրականացվել, համայնքային բյուջե չեն մուտքագրվել սահմանված հարկերը: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

Հողատարածքի գնման փաստաթղթերում առկա են անճշտություններ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում, որ դրանք կարող են կեղծված լինել։ Ըստ հողն օտարելու որոշումը ստորագրությամբ հաստատած ավագանու անդամներից մեկի պնդման՝ նա այդ որոշման մասին տեղյակ չէ, իսկ ստորագրությունը կեղծված է որևէ այլ անձի կողմից։ Առինջ գյուղի բնակիչ Վահագն Արամի Գուլոյանը սեփականության իրավունքը ձեռք է բերել ՀՀ վարչական դատարանի վճռով 2006 թվականին: Բյուրեղավան համայնքի ավագանու 14.09.2018 թվականի N 52-Ա որոշմամբ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականի հիման վրա կատարված ուսումնասիրություններին առնչվող նյութերը և հողատարածքի ձեռքբերման փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու համար։

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում կատարված հետաքննությամբ հիմնավորվել է, որ նյութում առկա են ՀՀ ՔՕ 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն 20․10․2018 թվականին կայացված որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։ Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետն ու ավագանին դիմել են դատական ատյաններին խնդիրը կարգավորելու համար, սակայն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը հայցը չի ընդունել վարույթ՝ համայնքի՝ որպես դատավարության կողմ հանդես գալու իրավասություն չունենալու հիմքով։

Ելնելով վերոնշյալից` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Ս․ Պետրոսյանին առաջարկել է համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարական տալ՝ ներկայացված փաստաթղթերի հիմքով, որպես դատավարության մասնակից՝ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

«Օրինականության հաստատման գործընթացում հետ քայլ չի լինելու։ Այն ժամանակահատվածում, երբ ՀՀ Մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում վերականգնելու քանդակը, մենք իրականացնելու ենք անհրաժեշտ բոլոր քայլերը՝ առերևույթ ապօրինի կերպով մասնավորեցված հողատարածքը համայնքին վերադարձնելու և արձանն ու հարակից տարածքը պահպանելուն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու համար»,- հայտնել է մարզպետը։