Search
Close this search box.

Ստալինյան զտումներ բանակում, հերթը կհասնի՞ Դավիթ Տոնոյանին

ՀՀ այժմյան իշխանությունները ռազմական նավի ղեկի փոփոխության խնդիր են դրել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության բանակում տեղի ունեցող կադրային փոփոխություններին:

Նա նշեց, որ առաջին հայացքից երևում է, թե Սասուն Միքայելյանի հայտնի վրիպակի հետ կապված արձագանքներով է պայմանավորված, բայց իրականում կարող է կապված լինել նաև Ապրիլյան պատերազմում ինչ-որ փուլում որոշակի պարտության պատասխնատվության հետ:

«Ռազմական նավի ղեկի փոփոխության վերջնակետը կդրվի, եթե ՀՀ պաշտպանության նախարարը փոխվի, ինչը չէի ուզի, դա մի քանի ամիս ռազմական շինարարության մեջ դադար կնշանակի: Արցախում դեռ ռակիռովկաներ էին, պաշտոնանկություններ չէին, ինչը երկրի համար վտանգավոր չէ»,-շեշտեց նա:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն էլ նշեց, որ Ապրիլյան պատերազմի գլխավոր մեղավորը գերագույն գլխավոր հրամանատարն է եղել, և հիմա էլ ցանկացած պարտության համար պատասխանատու է լինելու գերագույն գլխավոր հրամանատարը:

Քաղաքագետը նշեց, որ Արցախում ռազմական պաշտոնանկությունները, դրանց մասին խոսակցություններն իրեն ստալինյան զտումներ են հիշեցնում: Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ թափանցիկ հետաքննություն չի եղել, պարզապես նշանակել են մեղավորներին և սկսեցին հեռացնել բանակից:

«Շատ ավելի խորքային նայել իրավիճակին, ոչ թե Մնացականյանին կամ ևս մի քանի մարդու հանել, գուցե մինչև վաշտի հրամանատարներ ուզում են փոխել, ինչպես Թուրքիայում:

Ումից են օրինակ վերցրել, այո, դա ստալինյան զտումների նման է, եթե առաջնային գծում ոչ փորձառուն հայտնվեց, այն ժամանակ կհասկանանք ինչ է կատարվել: Խոսքը Ջալալի նշանակման մասին չէ: Ես այն համատեքստում նկատի ունեմ նաև, որ այսօր, Վիտալի Բալասանյանի նման գեներալին քարկոծելով, ասում են` դու ձենդ կտրի»,-ընդգծեց նա: