Search
Close this search box.

Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ անձեռնմխելին. Գագիկ Հմաբարյան

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ իշխանությունների ամենակարևոր սխալներից մեկը՝ որոշ անձանց անպատժելիությունը և բեսպրեդելը վերանալու է: Բոլորը, ըստ Փաշինյանի, հավասար են լինելու օրենքի առաջ: Սակայն այս 8 ամիսների ընթացքում մի բան պարզ դարձավ, ինձ և շատ գյումրեցիների համար: Պարզվում է, եթե Հայաստանի նախկին իշխանությունների կողմից հովանավորված որոշ բեսպրեդելշչիկներ կորցրել են իրենց անձեռնմխելիությունը և նրանց որոշ մասը ձերբակալված է, իսկ շատերն էլ ֆինանսական խոշոր փոխհատուցման շհորհիվ ազատության մեջ են, ապա Հայաստանում կա մեկը, ում հեղափոխությունը գրեթե չի անդրադարձել:
Դա ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի տխրահռչակ ղեկավար, Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն է: Այդ անձն ընդամենը կորցրեց ՇՊՀ-ում պաշտոնը, սակայն շարունակում է, ազատության մեջ գտնվելով, խոչընդոտել իր և իր կողմից վերահսկվող ֆան-ակումբի անդամների գործած հանցագործությունների բացահայտմանը, ինչպես նաև իրեն բնորոշ ոճով զրպարտում և անվանարկում է մարդկանց:
2016 թ-ի հուլիսին դառնալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր և ժառանգելով նախորդ ռեկտորից 500 միլիոն դրամ գումար (Սահակ Մինասյանը երբեք այս թվի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արել և որևէ մեկին չի մեղադրել ապատեղեկատվություն տարածելու մեջ)` 2017 թ-ի դեկտեմբերի դրությամբ ոչ միայն այդ գումարից որևէ բան չէր թողել, այլև բուհի բյուջեի բացասական սալդոն կազմում էր 242 միլիոն 273 հազար դրամ: Կրթական գործի Կոլումբոս Մինասյանի հանցագործությունները շատ վաղուց բացահայտված են՝ համապատասխան փաստաթղթերով և ապացույցներով: Սակայն Հայաստանի, այսինքն` Շիրակի մարզի իրավապահները, գերադասում են այդ ամենը չնկատել:
Այսպես, 2017 թ-ի սեպտեմբերից մինչև 2018 թ-ի մայիս ամիսը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը իր ղեկավարած կառույցի անտարբերությունը ՇՊՀ-ում Սահակ Մինասյանի և վերջինիս ֆան-ակումբի անդամների կողմից գործած հանցագործությունների նկատմամբ բացատրում էր “դեժուրնի” արտահայտությամբ՝ ուսումնասիրությունները շարունակվում են: Իսկ Թավշյա հեղափոխությունից հետո ստիպված հարուցված մի քանի “թեթև” քրեական գործերը Շիրակի մարզի դատախազությունը ուղղակի միտումնավոր քնեցնում է՝ հուսալով, որ կհոգնենք և չեն բարձրաձայնի: Այս 8 ամիսների ընթացքում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ինչ-որ հարցաշար է պատրաստել ԿԳՆ-ին, որը, որքան հասկացել եմ, այս ընթացքում չի էլ ուղարկվել, քանի որ արդեն երկրորդ անգամ է այս ամիսների ընթացքում հայտարարում է, որ կուղարկի: Համոզված եմ, որ չի էլ ուղարկի, քանի որ Շիրակի մարզի դատախազը հենց ինքն էլ լավ գիտի, որ այդ հարցերի 90 տոկոսի պատասխանը ԿԳՆ-ի իրավասությունների մեջ չի մտնում: Օրինակ, շատ հետաքրքիր է, ի՞նչ է պատասխանելու ԿԳՆ-ն Կարեն Գաբրիելյանին, թե ի՞նչ պատճառով է ՇՊՀ բյուջեի նախահաշվում Հայաստանի երիտասարդական հիմնադրմանին նախատեսված 1,5 միլիոն դրամի փոխարեն Սահակ Մինասյանն այդ հիմնադրամին վճարել 6 միլիոն դրամ՝ 4,5 միլիոն դրամ ավելի: Սա բացարձակ ԿԳՆ-ի իրավասության ոլորտում չէ: Իսկ բուհի գումարների վատնման և փոշիացման համար պետք է պատասխան տա հենց Մինասյանը:
Կամ բացահայտված է, որ ՇՊՀ-ում մատուցվող շատ կրթական ծրագրեր կեղծ լիցենզիաներով են ձեռք բերված: Կարեն Գաբրիելյանը կրկին դիմում է ԿԳՆ-ին այս հարցի շուրջ, որտեղից նրան պատասխանել են, որ ՇՊՀ-ն ստացել է այդ լիցենզիաները ըստ ներկայացված փաստաթղթերի: Այսինքն` ԿԳՆ-ն իր վրայից հանել է ողջ պատասխանատվությունը այդ կեղծ լիցենզիաների պահով: Գաբրիելյան Կարենն ընդամենը պետք է այդ լիցենզիաների կրկնօրինակը ստանա ՇՊՀ-ից, որտեղ դրանք կան և 5 րոպեում բացահայտի Սահակ Մինասյանի հանցագործությունը: Սակայն չի անում, իսկ այդ նույն կրթական կեղծ լիցենզիաները շարունակվում են իրականացվել:
8 ամիս է Շիրակի մարզի դատախազը չի կարողանում ճշտել, թե իրականում ինչ արժի՞ Սահակ Մինասյանի կողմից 14 միլիոն դրամով ձեռք բերված դիզելային գեներատորը:
Ուղղակի խայտառակություն է ՊԵԿ-ի բացահայումները ՇՊՀ-ում,որտեղ կարկանդակասեր Մինասյանը բացել էր բուլկու և կարկանդակի արտադրամաս,բուֆետներ՝մեծ ֆինանսական վնաս պատճառելով բուհին: Շիրակի մարզի դատախազը կրկին լռում է: Հետաքրքիր է,ի՞սկ այդ հարցով չի դիմել ԿԳՆ-ին:
Այսպիսի օրինակներ կարող եմ անվերջ բերել: Այստեղից հետևություն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկ, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ամեն ինչ անում է` Սահակ Մինասյանի հանցագործությունները ծածկադմփոց անելու համար: Զարմանալիորեն այս ամենին չեն արձագանքում նաև Դավիթ Սանասարյանը, Վալերիյ Օսիպյանը, որոնց դիմել ենք բաց և փոստային նամակներով:
Հայաստանի Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը, Վարդենիսի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը և շատ այլ պաշտոնյաներ համաձայնել են փոխհատուցել իրենց ղեկավարած բուհերի ֆինանսական վնասները, որոնք առաջացել են իրենց ղեկավարած տարիներին: Սակայն դա չի վերաբերում Սահակ Մինասյանին: Նա և իր ֆան-ակումբն անձեռնմխելի են: Այս ամենը պատահական չէ: Սահակ Մինասյանի թիկունքում կանգնած են անձինք, ովքեր հիմա սերտ կապերի մեջ են հայաստանյան ներկայիս իշխանությունների հետ, ժամանակին համագործակցել են Մինասյանի հետ՝ ՇՊՀ-ն թալանելու մեջ: Հենց դրանով միայն կարելի է բացատրել այն լռակյացությունը, որը հյուսվել է Սահակ Մինասյանի շուրջ:
Ի դեպ, Շիրակի մարզի իրավապահները մինչև հիմա քրեական գործ չեն հարուցել ՇՊՀ-ում Համաշխարհային բանկի գումարները մսխելու պատճառով, երբ կեղծ մրցույթներ են կազմակերպվել, որոնց մասնակցել են Հայաստանից վաղուց բացակայող անձինք:
Հ.Գ. Շատերը կարծում են, որ Հայաստանի թիվ մեկ անձեռնմխելին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Ո՛չ, հարգելիներս. Դա Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն է, ում ապաշնորհ գործունեության հետևանքով հիմա ՇՊՀ-ն ֆինանսական մեծ խնդիրների առաջ է կանգնած: