Search
Close this search box.

ՏՏ ոլորտի զարգացմանը խոչընդոտում է որակյալ մասնագետների պակասը

ՏՏ ոլորտում դրսից պատվեր ստանալն արդեն մեզ համար երազանք չէ: Պատվերները շատ են, արտասահմանյան կազմակերպությունների հետաքրքրվածությունը մեր մասնագետներով մեծ է, մնում է ռազմավարություն մշակել: Ոլորտի զարգացման տեմպերի մասին լավատեսական շեշտեր արեցին, բայց բացերը ևս մանրամասն նշեցին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարներ»-ը թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ հրավիրված մասնագետները: Նրանք փաստեցին, որ ՏՏ-ում առաջընթաց կա, դիրքավորվելու խնդիր ունենք: «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը մեր ներկա վիճակի լավատեսական շեշտերը կապեց վերազգային կազմակերպությունների ներդրումներ անելու և կենտրոններ բացելու հետ:

Ըստ նրա՝ արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչները, բարձր գնահատելով հայ մանսագետների աշխատանքային սանդղակը, նրանց վստահում են ամենաբարդ գործերը: Աշխարհը հետազոտական միտք է ուզում, իսկ մենք այդ պոտենցիալն ունենք. «Եթե մենք կապուչինոյի սերուցքն ենք ուզում, ամենաթանկ, ամենավերևի գործը, պետք է հասկանանք՝ դրա ճանապարհը ո՞րն է: Եթե կապուչինո ես ուզում, չես կարող կաթ չլցնել և այն կապուչինո կոչվի: Առաջին քայլը Բուհում սովորելուց է սկսում, հետո հետազոտությունից, դրանից հետո դու ես որոշում մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա ընդունվելու մասին: Հետո սկսում ես ստեղծագործել, այսինքն՝ կաթով կապուչինոյին, աշխարհի մակարդակով բարդ ու թանկ գործերին ձեռք գցելու մասին մտածել: Էժան գործեր կարելի է ձեռք գցել անգամ առանց կրթություն ստանալու: Գնում ես, կուրսեր ես անցնում ու դառնում ծրագրավորող»,-նշում է Բագրատ Ենգիբարյանը:

Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ մեր պոտենցիալը մեծ է, մնում է պետական մակարդակով ռազմավարություն մշակել: Նա փաստում է, որ ՏՏ ոլորտի մեր ֆիրմաները մեծ չեն, բայց դա կարելի է դրական քողի տակ նայել. մեծ ֆիրմաներում բիզնես պրոցեսները կատարյալ են, բայց ինովացիա չկա: Բագրատ Ենգիբարյանին ՏՏ ոլորտի մեր գրանցած հաջողություններն ուրախացնում են, բայց առկախ է մնում այն հարցը՝ ինչո՞ւ դրանք չեն կիրառվում տնտեսության մեջ. «Բարձր տեխնոլոգիական արտադրանքի 70%-ը մեր երկրի համար չէ: Մի կողմից դա շատ լավ է. մենք բարդ խնդիրներ ենք լուծում, բայց մեր տնտեսության մասին մենք չպետք է մոռանանք: Շատ կարևոր է, որ թե՛ բիզնեսում, թե՛ տեխնոլոգիական տարբեր ոլորտներում՝ հանքարդյունաբերությունից մինչև տեքստիլ արտադրությունը, կարողանանք տեխնոլոգիական լուծումները կիրառել»,-նշում է Բագրատ Ենգիբարյանը:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր-տնօրեն Կարեն Վարդանյանի կարծիքով մենք ՏՏ ոլորտի զարգացման մի փուլն անցել ենք, մնում է հաջորդ փուլ անցնենք: Ըստ նրա՝ հասել ենք նրան, որ մեր երկրում Նանո տեխնոլոգիաներն են ցանկանում զարգացնել: Կարեն Վարդանյանի կարծիքով մեր պոտենցիալը մեծ է, բայց ռազմավարական քայլերն են պակասում՝ սկսած կրթությունից մինչև երկրի անվտանգության հարցեր: Աշխարհում ֆանտաստիկ ժամանակներ են արտահայտությունը Կարեն Վարդանյանը ուրախալի շեշտերով է անում. 3 միլիոն թափուր աշխատատեղ կա, մասնագետ չկա. «Սա մեզ համար լավ շանս է տարբեր գործեր Հայաստան հասցնելու համար: Մեր մասնագետները կարողանում են ինժեներական կոմպլեքս լուծումներ գտնել: Ես նպատակադրված եմ, որ այդ 3 մլն. գործերից մենք 50.000 բարդ գործերը Հայաստան կարողանանք բերել»,-նշում է Կարեն Վարդանյանը:
«ՏՏ ոլորտի ռազմավարական խնդիրը դրսի կազմակերպությունները Հայաստան տեղափոխելու, այլ մասնագետների, կազմակերպությունների, Drive ունեցող մարդկանց գետ ստեղծելու հարցերի մասին մտածելն է: Գետի հոսքի ուղղությունը մեզնից է կախված, որովհետև առաջնահերթությունները գալիս են ներսից դուրս, ոչ թե դրսից ներս»,-ոլորտի զարգացման իր ուղղություն այսպես է կանխորոշում Կարեն Վարդանյանը:
Քննարկման ընթացքում ՏՏ ոլորտի մենեջմենթը զարգացնելու խնդիրն է բարձրացնում «Ռենդերֆորեսթ» ընկերության տեխնիկական ղեկավար Էդգար Մարուքյանը: Նա փաստում է, որ ոլորտը շատ արագ զարգացել է ինքնուս մասնագետների շնորհիվ: Ըստ նրա՝ մեր երկրում ՏՏ ոլորտի պատվերների պակաս չկա, բարձորակ մասնագետների սակավությունն է ակնհայտ. «Մեր համալսարանները պետք է թափ տալ և կրթական ոլորտի վրա փող ծախսել: Հակառակ դեպքում ստացվում է հետևյալ պատկերը. բիզնեսն ինքն է զբաղվում երիտասարդ կադրերին կրթություն տալու հարցով»,-նշում է Էդգար Մարուքյանը:
«Երևանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտ»-ի ղեկավար Մհեր Մարկոսյանն առաջարկում է սկզբում լավ մասնագետ պատրաստել, հետո մտածել տեխնոլոգիաների մասին: Ըստ նրա՝ բարձրորակ կրթություն ստացած մասնագետն առաջին հերթին տարբերվում է նրանով, որ չի զարմանում տեխնոլոգիաների այսչափ արագ զարգացման մակարդակից: Մհեր Մարկոսյանն առաջարկում է վերանայել փոքր, միջին և խոշոր կամակերպությունների հարցերը. «Ամբողջ աշխարհում և նաև մեզ մոտ փոքր և միջին ձեռնարկությունները կարող են զարգանալ խոշոր ձեռնարկությունների կողքին: Սա նշանակում է՝ խոշոր ձեռնարկությունը պետք է ունենա այնքան խնդիրներ, որ բաժանելով փոքրերի միջև, դրանց համար զարգացման հեռանկար ստեղծի: Պետությունն ամեն բան պետք է անի խոշոր ձեռնարկություններ ստեղծելու և դրանք զարգացնելու ուղղությամբ»,-նշում է Մհեր Մարկոսյանը:

«Ինֆորմատիկայի ու ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ»-ի ղեկավար Վլադիմիր Սահակյանը մեզ համարելով ոչ թե տեխնոլոգիաներ օգտագործող, այլ տեխնոլոգիաներ ստեղծող ազգ՝ փաստում է, որ մենք ունենք շատ լավ մասնագետներ, որոնք տիրապետում են ամենաժամանակակից տեխնոլոգիաներին: Նրան մտահոգում է այն փաստն, ըստ որի՝ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի խոշոր կազմակերպությունները շատ լավ գործեր են անում, բայց նրանց տված վերջնարդյունքը դրսի շուկա է դուրս գալիս: «Հայաստանում է ստեղծվել» արտահայտությունն ավտոմատ դուրս է գալիս կիրառությունից. «Եթե մենք կարողանանք ստեղծել մի տեխնոլոգիա, որի վրա գրված լինի «Ստեղծված է Հայաստանում», այդ ժամանակ մենք առաջընթաց քայլ արած կլինենք»,-նշում է Վլադիմիր Սահակյանը: «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարներ»-ը թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ բարձրացվեցին ոլորտի բազմաթիվ այլ հարցեր ևս: Քննարկման մասնակիցները փաստեցին, որ անհրաժեշտ է աշխատել թե՛ դրսի և թե՛ ներսի շուկայի համար:

Քննարկման ավարտին ռազմավարական իր մոտեցումներն առաջակեց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը. «Աշխարհը շար արագ տեմպերով է փոխվում: Եթե մենք ցանկանում ենք մեր միջավայրն ավելի լավը և մրցունակ դարձնել, մենք պետք է տեսլական ունենանք: Իսկ այդ տեսլականը աշխարհի փոփոխությանը համընթաց պետք է քայլի: Տեսլականի հիմքում չի կարող կրթությունը չլինել: Տպավորությունն այնպիսին է, որ մեր կրթական համակարգն ուղղակի գործազուրկներ է ծնում: Մեր երիտասարդները չունեն բավարար կրթություն, փոխարենն՝ ունեն մեծ պատկերացումներ դրա մասին»,-եզրափակեց խոսքը Գևորգ Թադևոսյանը: