Search
Close this search box.

Կոչ ենք անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Գյումրիում դեկտեմբերի 3-ին հավաքարար կնոջը 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողի կողմից դաժանորեն ծեծելու եւ մահ պաճառելու դեպքի կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին:

Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ եւ չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաեւ ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին եւ մտերիմներին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը):

Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող: