Search
Close this search box.

Որոշ քաղաքական դիակներ շահարկում են ԲՀԿ-ի անունը. Ի. Տոնոյանի կոշտ արձագանքը Ա. Վարդանյանին

1in.am կայքին տված հարցազրույցում համաներմամբ ազատ արձակված Արկադի Վարդանյանն այսօր, անդրադառնալով ԲՀԿ-ի գործունեությանը, նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծված կուսակցությունն իրենից ոչինչ չի ներկայացնում: Այս հայտարարության հետ կապված Politik․am-ը մեկնաբանություն է խնդրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից․

-Նախ, առաջին հերթին կուզեի նշել, որ կայացած քաղաքական ուժի վերաբերյալ կարծիք հնչեցնելու համար մարդ նախևառաջ պետք է վաստակած լինի այդ իրավունքը: Իսկ Արկադի Վարդանյանը, վստահաբար, այդ իրավունքը չունի: Ես, իհարկե, հասկանում եմ, որ որոշ քաղաքական դիակներ իրենց ողորմելի գոյության մասին հիշեցնելու նպատակով ժամանակ առ ժամանակ շահարկում են ԲՀԿ-ի անունը՝ փորձելով արջի ծառայություններ մատուցել ոմանց, բայց դա անում են այնքան ապաշնորհ կերպով, որ անգամ չարժե դրան անդրադառնալ: Նման օգտագործման ժամկետն անցած գործիքները պետք է լավ հասկանան, որ ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին ժողովուրդն է բացառապես գնահատական տվողը, և ԲՀԿ-ն բազմիցս է ապացուցել իր տեղն ու դերը քաղաքական կյանքում ու մշտապես եղել է ժողովրդի կողքին: Իսկ Արկադի Վարդանյանների նմաններն ընդամենը որպես գործիք օգտագործվում են ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելու ցանկությամբ տարված պատեհապաշտների կողմից ու նորից հետ են նետվում քաղաքական աղբաման, որտեղ և ճիշտ նրանց տեղն է: