Search
Close this search box.

Գյումրեցի կնոջ մահվան գործով ձերբակալված ռուս զինվորականը հիմա որտե՞ղ է

Ինչպես արդեն հայտնի է քրեական քրոնիկոնի լրահոսից, դեկտեմբերի 3-ին Գյումրիում ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր 57-ամյա մի կին, որը վաղ առավոտյան աշխատանքի գնալիս է եղել։ Հենց առաջին իսկ ժամերին խոսակցություններ սկսեցին շրջանառվել մամուլում, որոնց համաձայն, դեպքի հետ կապված կա կասկածյալ, որը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի զինծառայող է։

Դեպքը տեղի էր ունեցել Գյումրի Սլաբոտկա թաղամասում, ըստ որոշ տեղեկությունների՝ նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի տան մոտակայքում։ Տուժածը եղել է քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր։

Չափազանց տարօրինակ դեպքի մանրամասներից հայտնի դարձավ, որ կնոջը տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Որոշ ժամանակ անց տարածվեց տեղեկություն, որ ոստիկանությունը արդեն իսկ ձերբակալել է ռուս զինծառայողին։ Թե ինչ կապ է ունեցել զինծառայողը կնոջ մահվան հետ, իհարկե կարելի է հուսալ, որ կպարզի քննությունը սակայն հետաքրքիրն այստեղ այլ է։

ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, լրատվամիջոցների հարցին ի պատասխան, հայտնել էր, որ սույն գործով ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Ընդ որում, ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը օրինակ չէր հայտնել, թե որտեղ է այս պահին գտնվում ձերբակալված զինվորականը։

Այս հարցը թերեւս կարող էր երկրորդական լինել, եթե Հայաստանի իրավապրակտիկայում չլիներ կրկին Գյումրիում տեղի ունեցած այլ դեպքի հետ կապված մեղադրյալ ռուս զինվորական Վալերի Պերմյակովի նախադեպը, երբ մի ամբողջ ընտանիքի սպանած Պերմյակովն այդպես էլ հայ իրավապահների հսկողությանը չհանձնվեց, միշտ պահվեց ռուսական բազայի տարածքում գտնվող մեկուսարանում։ Նույն հարցերը, որոնք այն ժամանակ էին առաջացել, այսօր կրկին ստանում են արդիականություն։ Ռուսաստանի Սահմանադրությունը արգելում է իր քաղաքացիների հանձնումը։ Հետեւաբար այստեղ հարց կա, որը հայկական կողմն ի դեմս Ոստիկանության, Գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի, պետք է պարզաբանեն։

Անկախ այն հանգամանքից, որ քննիչի կողմից ձերբակալման որոշում է կայացվել, այս պահին կասկածյալ ռուս զինվորականը արդյոք գտնվում է հայկական կողմի իրավազորության ներքո, արդյոք գտնվում է ՀՀ տարածքում տեղակայված համապատասխան մարմիններին պատկանող վայրում, որտեղ սովորաբար ձերբակալված կասկածյալներն են պահվում, թե գտնվում է 102-րդ բազայի մեկուսարանում, ինչպես եղավ Վալերիյ Պերմյակովի ժամանակ։

Որքան էլ սա լինի շատ զգայուն հարց այն առումով, որ կարող է դառնալ քաղաքականացման ու շահարկման թիրախ եւ առնչվել առհասարակ առնչվի նույնիսկ հայ-ռուսական հարաբերություններին, այնուամենայնիվ հարցը պետք է լիարժեք պարզաբանվի ՀՀ քաղաքացիների համար եւ այստեղ արդեն իրավապահների կողմից շատ սիրված «նախաքննության գաղտնիք» հասկացությունը չի աշխատում՝  գոնե իրողություն փոխված Հայաստանում։

Համենայնդեպս այդպես ուզում ենք հավատալ։