Search
Close this search box.

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ են

Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են: Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը: 1500 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքին և արդյունքների ամփոփմանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ՝ նշելով ընտրատարածքն ու կոնկրետ ընտրատեղամասը։

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք: Նշենք, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո իշխանությունը պահանջում էր ԱԺ արտահերթ ընտրություններ: Վարչապետ Փաշինյանը հրաժարական տվեց, Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց վարչապետ, ինչից հետո ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց:

Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

2018-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ոստիկանության կողմից վարվող ռեգիստրի վերջնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում է 2,573,779-ը: ՀՀ-ում կա 13 ընտրատարածք, որից 4-ը Երևանում:

Դեկտեմբերի 9-ին դիտորդական առաքելություն է իրականացնելու 22 տեղական հասարակական կազմակերպություն: Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով և այլ միջազգային կառույցներ:

11 քաղաքական ուժերը ներկայացրել են 1471 պատգամավորի թեկնածու:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանել է հետևյալ կերպ.

1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀԿ ցուցակը բաղկացած է 125 հոգուց: Ցուցակի 2-րդ համարը արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է, 3-րդը՝ առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն է, 2-րդ համարը՝ Արտակ Կիրակոսյանը, 3-րդը՝ Ռուզաննա Տոռոզյանը:

3. «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ նախընտրական ցուցակում ներառված է 152 անձ: Դաշնակցության ցուցակը գլխավորում է Ազգային ժողովում «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

2-րդ համարը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն է, 3-րդը՝ Արթուր Խաչատրյանը:

4. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք

«Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Առաքելություն» կուսակցությունը:

Դաշինքի ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, 2-րդը առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, 3-րդը՝ պատգամավոր Լենա Նազարյանը:

5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է քաղաքական այս ուժի նախագահը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրան հաջորդում է սոցիալական ապահովության նախարարի հրաժարական ներկայացրած պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, 3-րդ համարում՝ 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանն է:

6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն

«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ցուցակի 2-րդ համարը Մարիամ Մանուկյանն է, իսկ 3-րդ տեղում է Գևորգ Հովսեփյանը:

7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորում է Լուսինե Հարոյանը:

8. «Մենք» կուսացությունների դաշինք

«Մենք» դաշինքը, որի մաս են կազմում «Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները, ներկայացրել է 144 հոգանոց ցուցակ:

Առաջին համարը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, իսկ հաջորդ 2 համարները «Ազատ Դեմոկրատների» ներկայացուցիչներն են՝ նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

9. «Օրինաց երկիր» կուսակցություն

«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրան հաջորդում են նախկին պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը:

10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը, 2-րդ տեղում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է, 3-րդը՝ Գարեգին Չուքասզյանը:

11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 175 հոգանոց ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նրան հաջորդում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, էներգետիկայի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը: