Search
Close this search box.

«Հայաստանը պետք է նախևառաջ Ղրիմը ճանաչի Ռուսաստանի Դաշնության տարածք». Վլադիմիր Ժարիխինը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը հայտարարել է, որ մինչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին դիրքորոշումները կոնսոլիդացնելու կոչեր հղելը՝ Հայաստանը պետք է նախևառաջ Ղրիմը ճանաչի Ռուսաստանի Դաշնության տարածք:

Այսպիսով՝ նա անդրադարձել է օրերս «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որն ասել էր, որ երկար տարիներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ որոշ երկրներ միջազգային կազմակերպություններում քվեարկում են Հայաստանի շահերի դեմ: Նա կոչ էր արել ռազմական դաշինքի գործընկերներին կոնսոլիդացնել դիրքորոշումները:

«Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանը ցանկալի է այդ հարցին վերադառնա այն ժամանակ, երբ Հայաստանը ճանաչի Ղրիմը Ռուսաստանի Դաշնության տարածք: Իսկ մինչ այդ նման հայտարարությունները մի քիչ տարօրինակ են թվում»,- rusarminfo.ru-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Ժարիխինը:

Քաղաքագետի կարծիքով՝ «չճանաչել ՀԱՊԿ-ի գծով ռազմաքաղաքական դաշնակցի տարածքային ամբողջականությունն ու միևնույն ժամանակ միջազգային կազմակերպություններում քվեարկության հարցով պահանջներ ներկայացնելն այդքան էլ ճիշտ չէ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաալիքին՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Փաշինյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը լուրջ նշանակություն ունի Հայաստանի համար:

«Այնպես է ստացվել, որ ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերներից շատերը երկար տարիներ տարբեր միջազգային կազմակերպություններում քվեարկում են Հայաստանի շահերի դեմ: Բայց միևնույն ժամանակ նրանք չեն կարող մեզ կշտամբել այդ կազմակերպություններում իրենց դեմ քվեարկելու համար: Մենք ասում ենք, որ ստեղծված իրավիճակում պետք է սինքրոնավորել մեր դիրքորոշումները, հասկանալ՝ մեկս մյուսիս առաջ ինչ պարտավորություններ ունենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: