Search
Close this search box.

Սերժ Սարգսյանին փաստացի մեղադրանք առաջադրվեց

Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ արձագանքելով Արցախը հանձնելու մասին մեղադրանքներին, հայտարարել է, որ եթե հեղափոխությունը հայտարարվում է այդ նպատակով կազմակերպված դավադրություն, ապա այդ մասին հայտարարողները կամ պետք է իրավապահներին տրամադրեն հստակ տվյալներ՝ քանի որ խոսքը պետական դավաճանության է վերաբերում, կամ պետք է խոստովանեն, որ ստախոս սադրիչներ են:

Հերթական մեղադրանքը հնչեցրել էր ՀՀԿ նախընտրական ցուցակից Դավիթ Շահնազարյանը, որն ասել էր, թե ինչ-ինչ ուժեր Նիկոլ Փաշինյանին աջակցել են Հայաստանում իշխանության գալ հենց այն բանի համար, որ իրականացվի Արցախ իշխանության դիմաց ծրագիրը:

Թե որոնք են այդ ուժերը, Դավիթ Շահնազարյանը չի ասել:

Հանրապետական կուսակցության, նախկին իշխող համակարգի ամենատարբեր շրջանակներ դեռեւս մայիսից են տարածում այն «թեզերը», թե Հայաստանում թավշյա հեղափոխությունն իրականում «դրսի ուժերի դավադրություն» էր:

Իհարկե, սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հեղափոխության մասնակից հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ: Սակայն հատկանշական է այն, որ դեռեւս մայիսից այդ մեղադրանքը հնչեցնող մարդիկ առ այսօր չեն ներկայացրել մեկ կոնկրետ փաստ, որով մատնացույց կանեին այդ հանգամանքը: Մինչդեռ խոսքը Հայաստանի պետական անվտանգության մասին է:

Ըստ այդմ, միանգամայն տրամաբանական է, որ ազգային անվտանգության ծառայությունը պահանջի բացատրություն: Օրինակ, նույն Դավիթ Շահնազարյանը եղել է Հայաստանի ԱԱԾ տնօրեն: Ու թեեւ դա եղել է ընդամենը մի քանի ամիս, այդուհանդերձ Դավիթ Շահնազարյանն ինքը թերեւս չէր կարող ձեռքերը ծալած նստեր, եթե օրինակ այդ ժամանակ Հայաստանում որեւէ մեկը հայտարարեր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ ուժերի հետ պայմանավորվել է Արցախը հանձնելու համար:

Արդյոք Դավիթ Շահնազարյանը կհապաղեր այդ հայտարարությունն անողին հրավիրել ԱԱԾ եւ առնվազն հարցնել, թե խոսքն ինչ ուժերի մասին է, փաստական ինչ տվյալի հիման վրա:

Ըստ այդմ, թե քաղաքական ու քաղաքացիական բարեխղճության, թե զուտ մասնագիտական էթիկայի, մունդիրի պատվի եւ պետական գործչի բարոյականության ու պարկեշտության շրջանակը ենթադրում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը պետք է ինքը գնար ԱԱԾ, կամ ինքը զարմանք արտահայտեր, որ ԱԱԾ-ն մինչ այժմ չի եկել իրեն հարցեր տալու կամ չի հրավիրել հարցեր տալու:

Ինչպե՞ս կվարվի Դավիթ Շահնազարյանը: Դրա փոխարեն նա բանավեճի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ մերժելու դեպքում Փաշինյանը ցույց կտա, որ իր մեղադրանքը համապատասխանում է իրականությանը:

Այդ դեպքում ստացվում է, որ իրավապահ կառույցներին պետական դավաճանության վերաբերյալ փաստական տվյալներ չներկայացնելու դեպքում էլ Դավիթ Շահնազարյանը ցույց կտա, որ իր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

Իսկ բուն խնդիրն այստեղ Փաշինյանի կամ Շահնազարյանի ճիշտ կամ սխալ լինելը չէ: Բուն խնդիրն այն է, որ Հանրապետական կուսակցությունը մի քանի մանդատի համար խաղարկման եւ շահարկման առարկա է դարձրել Արցախի խնդիրը:

Միաժամանակ, ի դեպ, ստացվում է, որ դրանով հանդերձ Դավիթ Շահնազարյանն ու ՀՀԿ-ն մեղադրում են Սերժ Սարգսյանին հանցակցության, պետության դեմ հանցագործության համար: Որովհետեւ նրա հրաժարականի տեքստում գրված էր, թե Նիկոլը ճիշտ էր, ինքը՝ սխալ:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը, լինելով Հայաստանի Առաջին դեմքը, կամ բացարձակապես տեղյակ չէր, թե ինչ է կատարվում՝ իսկ դա ուղղակի վկայում է, թե իրականում ինչպիսին է եղել ՀՀ անվտանգության մակարդակը Սարգսյանի եւ ՀՀԿ կառավարման շրջանում, կամ Սերժ Սարգսյանը հանցակցում էր այն դավադրությանը, որի մասին բարձրաձայնում է Դավիթ Շահնազարյանը եւ փաստացի մեղադրանք ներկայացնում նրան՝ պետությունը «դավադրությանը» հանձնելու համար:

Դա նշանակում է, որ ՀՀԿ-ն գնում է վա-բանկ,գրում է lragir կայքը