Search
Close this search box.

Իրավապահները վախենում են Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորից . Գագիկ Համբարյան

Այսօր հայաստանյան ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, որ ՀՀ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործով պարզվել է, որ “Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա” ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենը կազմակերպությանը հատկացված միջոցներից 2012-2017 թ-ի ընթացքում շուրջ 121 միլիոն դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որից հետո գումարը յուրացվել է: Ինչպես նաև պարզվել է, որ 2015 թ-ին նույն կրթօջախի տնօրենը 3 միլիոն ռուբլի է յուրացրել՝ ձևակերպելով կեղծ հաշիվ-ապրանքագրեր:
Շատ ուրախ եմ, որ հետհեղափոխական Հայաստանում բացահայտվում են այնպիսի հանցագործություններ, որոնք երբևէ չէին բացահայտվի նախկին իշխանությունների կողմից:
Սակայն զավեշտն այն է, որ այդ արդարադատությունը չի մտնում նաև Շիրակի պետհամալսարան, որի նախկին ռեկտոր, տխրահռչակ Սահակ Մինասյանի բազմաթիվ հանցագործությունների և անօրինականությունների մասին մեկ տարուց ավելի է գրում եմ՝ ներկայացնելով համապատասխան ապացույցներ: Շիրակի մարզի դատախազությունը մի քանի “թեթև” քրեական գործեր հարուցելուց հետո և փորձելով այդկերպ թոզ փչել մեր աչքերին, ինչպես նաև հասարակությանն էլ համոզելու, որ “գործ” են անում, կանգ է առել:
5 ամիս առաջ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ինձ համոզում էր, որ շատ շուտով Սահակ Մինասյանի հանցագործությունները բացահայտվելու են և դրա համար, իբրև թե, նամակ է ուղղել ՀՀ ԿԳՆ-ին հանձնախումբ ձևավորելու համար՝ համապատասխան հարցերին պատասխաններ ստանալու նպատակով: Հենց այդ ժամանակ էլ ինձ մոտ կասկած հարուցեց այն հարցը, թե ի՞նչ պատասխան պետք է տա ԿԳՆ-ն Սահակ Մինասյանի կողմից 1,5 միլիոն դրամի փոխարեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամին 6 միլիոն փոխանցելու համար (բազմաթիվ պարզ օրինակներից մեկը): Այդ հարցը չի վերաբերում ԿԳՆ-ին և նա իրավասու չէ այդ հարցին պատասխանելու: Կամ, եթե պարոն Մինասյանը կեղծում է փաստաթղթերը, որոնց ապացույցները ներկայացված են, ի՞նչ պետք է պարզաբանի այս հարցով ԿԳՆ-ն:
Կրթական ծրագրերի լիցենզիաները կեղծելը ստուգելու համար անհրաժեշտ է 5 րոպե: Սակայն Շիրակի մարզի դատախազը կրկին ապավինում է ԿԳ նախարարությանը, այն դեպքում, երբ այդ կեղծ լիցենզիաների կրկնօրինակները կան ՇՊՀ-ում: Գրադարանի գրքերի ոչնչացման մեջ ՇՊՀ-ի նախկին ռեկտորին մեղադրել են գրադարանի նախկին և ներկայիս տնօրենները, որոնց ցուցմունքները կան ինձ մոտ, սակայն դատախազ Կարեն Գաբրիելյանը կրկին լռում է: Դատախազ Կարեն Գաբրիելյանն առաջ չի տանում նաև ՀՀ ՊԵԿ-ի բացահայտած խայտառակությունները ՇՊՀ-ում,երբ նախկին ռեկտոր Մինասյանը բուհում բացել էր կարկանդակի և բուլկու ապօրինի գործող արտադրամաս և ահռելի մեծ ֆինանսական վնաս պատճառել համալսարանին: Հետաքրքիր է,այս փաստի վերաբերյալ ինչու՞ առաջընթաց չկա,երբ բուհի գլխավոր հաշվապահը և ֆինանսիստը Մինասյանի ապօրինությունների վերաբերյալ ցուցմունքներ են տվել: Ու այսպես շարունակ:
Պարոն Գաբրիելյանը “14 հարցից բաղկացած” մի հարցաշար է գրել ԿԳՆ-ին և արդեն 5 ամիս է «սպասում» է դրանց պատասխանին: Խայտառակությունն այս ամենում այն է, որ վերջերս ինձ հետ հանդիպման ժամանակ դատախազներից մեկը կրկին հայտարարեց, որ այս նամակն ուղարկելու են ԿԳՆ՝ մոռանալով, որ 5 ամիս առաջ նույնաբովանդակ խոստում էր տվել նաև Շիրակի մարզի դատախազը: Հետաքրքիր է, իսկ 5 ամիս հետո ո՞վ է այս նույն նախադասությունն ինձ ասելու:
Ես նաև պարզեցի, որ ՇՊՀ-ի նախկին ռեկտորի կողմից նույն բուհի ուսանողին ՇՊՀ-ում ապօրինի աշխատանքի ընդունելու հարցը ևս չի կարող լուծվել դատախազի կողմից: Այսինքն` պետական հիմնարկի գործատուն ինչ-որ մեկին ապօրինի աշխատանքի ընդունելուց ոչ միայն չի պատժվում, այլև խրախուսվում է՝ այդ ոչ պրոֆեսիոնալին կամ անգրագետին տարիներով աշխատավարձ վճարելով, քանի որ դատախազությունը անճար է այդ հարցում: Վերջին դեպքի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունը դեռ լռում է: Հիշեցնեմ, որ Համաշխարհային բանկի հովանավորությամբ ՇՊՀ-ում անցկացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի իրականացման ժամանակ բացահայտվել է ենթադրյալ հանցագործություն. պարզվում է 2017 թ-ի դեկտեմբերի վերջին մասնակիցների մեջ է եղել նաև բուհի նախկին աշխատակիցը, որը 2017 թ-ի հուլիսին մշտապես մեկնել է ԱՄՆ.Հետաքրքիր է…
Ինչի՞ց են վախենում Շիրակի մարզի իրավապահները, որ չեն բացահայտում ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հանցագործությունները, ում ֆան-ակումբը վերջին շրջանում ավելի է անկառավարելի դարձել:
Ի դեպ, նրանք անչափ սպասում են Մինասյանի վերադարձին, քանի որ համոզված են, որ նրան բազում տարիներ հովանավորած կուսակցությունը կամ հովանավորող/ները հաղթելու են: Ավելին` իրական հանցագործի դեմ պայքարելու և վերջինիս կողմից ՇՊՀ-ից տարված գումարները հետ բերելու փոխարեն Շիրակի մարզի դատախազությունը կեղծ օրակարգ է ձևավորել և ենթադրաբար գործեր է սարքում՝ մարդկանց բերանները փակելու նպատակով:
Իսկ ինչու՞ իրավապահները չեն զբաղվում ՇՊՀ-ի նախկին ռեկտորի հանցագործությունների բացահայտմամբ, այլ իմիտացիա են ստեղծում, որ զբաղվում են:
Ըստ Գյումրիում տարածված լուրերի` Սահակ Մինասյանի թիկունքում կանգնած են երկու բարձրաստիճան անձինք, որոնց հետ նրա կապի մասին բոլորը գիտեն Շիրակի մարզում, ջանադրաբար պաշտպանում են նրան, քանի որ մասնակից են եղել ՇՊՀ-ի թալանին և հիմա Մինասյանին պաշտպանելով ՝ սեփական անօրինականություններն են թաքցնում: