Search
Close this search box.

Հեռուստամարաթոնն ավարտվեց. Հավաքվել է 11 մլն դոլար

Լոս Անջելեսում ավարտվեց Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը: Հավաքվել է 11 միլիոն 109 հազար դոլար:

Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:

Առաջինն արցախյան գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:

Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի բնակավայրերում:
Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն- 2018»-ին նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը:
21- րդ ամենամյա հեռուստամարաթոնի հանգանակված միջոցները, ինչպես միշտ, նպատակաուղղվելու են թե՛ Հայաստան, թե՛ Արցախ: