Search
Close this search box.

Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը նախապատրաստվում առաջիկա քարոզարշավին և բուն ընտրական գործընթացին։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից Irakanum.am-ը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են նախապատրաստական աշխատանքները իրենց քաղաքական ուժի մոտ։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է շատ ներկայանալի համապետական ցուցակով, որը տարբեր ոլորտներում հաջողություններ ունեցած տարբեր մասնակիցներից է բաղկացած, որոնք մտահոգ են երկրի ապագայով:
«Նրանք ունեն շատ հստակ տեսլական՝ ինչպես զարգացնել Հայաստանի Հանրապետությունը: Մենք ընտրություններին մասնակցում ենք շատ մրցունակ ծրագրով, հանրությանը ներկայացնելու ենք երկիրը զարգացնելու ԲՀԿ-ի, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի տեսլականը: Պարոն Ծառուկյանն առիթ ունեցել է ասելու, որ քաղաքական փոփոխություններից հետո այժմ մեր երկրում հերթը տնտեսական հեղափոխությանն է և մեր ծրագիրը հանգամանորեն ներկայացնում է հենց այդ հեղափոխությունն իրականացնելու մեխանիզմները: Մենք ընտրությանը մասնակցում ենք այդ առաքելությամբ և հանրությունը հնարավորություն ունի ընտրություն կատարելու ներկայացված ծրագրերի միջև: Եվ ըստ այն քանակի, թե որքանով կվստահի հանրությունը մեզ, մեր ներկայացրած ծրագրին, այդքանով էլ մենք ներկայացված կլինենք խորհրդարանում: Տարբեր տեսակի քաղաքական գուշակությունները, նոստրադամուսությունները, կարծում եմ, քաղաքական կատեգորիաներ չեն: Ընտրությունը քաղաքական գործընթաց է, մենք կոնկրետ գնում ենք այդ ճանապարհով»,-շեշտեց նա:

Այն դիտարկմանը, թե այդքան մրցունակ ծրագիր ու շատ ներկայանալի ցուցակ ներկայացնելով, քննարկումներ չեն եղել, թե քանի տոկոս կհավաքի կուսակցությունը կամ ինչպես են գնահատում իրենց շանսերը, Տոնոյանը նշեց. «Կանխագուշակումներով զբաղվելու փոխարեն մեր կուսակցությունը նախընտրել է աշխատելը: Կոնկրետ այս դեպքում օրնիբուն մեր մասնագետները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մրցունակ ծրագիր կազմելու և հանրությանը ներկայացնելու աշխատանքներ են իրականացրել: Կանխագուշակումների, ենթադրությունների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը»։

Նյութի աղբյուրը`irakanum.am կայք