Search
Close this search box.

«Գալուստ Գրիգորիչ, չե՞ք քվեարկում». Գալուստ Գրիգորյանը տապալեց կառավարության նախագիծը

Ազգային ժողովին նիստի մեկնարկից 30 րոպե ուշացմամբ հաջողվեց քվորում ապահովել, որպեսզի քվեարկության դրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը: Քվորում ապահովվեց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի գրանցումից հետո: «Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն»,- պատգամավորի մուտքին նիստերի դահլիճ կատակով այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ը քվեարկության դրեց «Պետական համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նախագիծը: Նախագիծը չընդունվեց, քանի որ Գալուստ Սահակյանը չմասնակցեց քվեարկությանը: «Գալուստ Գրիգորիչ, չե՞ք քվեարկում»,- հարցրեց ԱԺ փոխնախագահ Շարմազանովը: Գալուստ Սահակյանը նշեց՝ «ոչ»: ԱԺ նախագահն արձանագրեց, որ Սահակյանը մտածված չի մասնակցում քվեարկությանը, և հայտարարեց, որ նախագիծը չի ընդունվել 51 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ևս տապալվեց: Պատգամավորները հորդորում էին Գալուստ Սահակյանին մասնակցել քվեարկությանը, բայց քվեարկության պատկերը նույնն էր՝ 51 կողմ, 1 ձեռնպահ. նախագիծը չընդունվեց:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ևս չընդունվեց նույն պատճառով: