Search
Close this search box.

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալը՝ իրավապահ համակարգի տխուր ժառանգության մասին

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Նոր իշխանությունները նախկինից ահռելի տխուր ժառանգություն է ստացել: Այդ ժառանգության ամենադժվար մասն իրավապահ համակարգն է:
Ներկայումս, հասարակության սպասումներն իրավապահներից աննկարագրելի մեծ է: Եվ դա այն պարագայում, երբ նոր իշխանությունը դեռևս ամբողջական «չի տիրապետում» իրավապահ համակարգի ողջ սպեկտորին և նախկին իշխանությունները ֆորմալ և ոչ ֆորմալ պահում են իրենց ազդեցությունն այդ համակարգի առանձին պաշտոնյաների վրա:
Անվիճելի է, որ առանձին ծանր հանցագործությունների բացահայտումը Հայաստանի քաղաքական և իրավական կյանքում մեծ դերակատարություն ունի: Մասնավորապես, անհրաժեշտ է մարտի 1-ի գործը բացահայտել հնարավորին արագ և ամբողջովին: Այդպիսին է նաև հոկտեմբերի 27-ը: Ես այս շարքում կարող եմ առանձնացնել նաև շատ աղմկահարույց գործեր ևս, մասնավորապես, Բուդաղյանի սպանությունը, խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցած տասնյակ սպանությունները և այլն: Գործող իրավապահ մարմինները պետք է տարբերվեն նախորդներից, քանի որ լիարժեքորեն տիրապետում են ողջ իրավական գործիքակազմին և այս պահին ունեն բավարար ռեսուրս՝ վերաբացել, նորից քննել, բացահայտել այս բոլոր քրեական գործերը:
Ես չեմ ուզում խոսել այդ ամենի հնարավոր հետևանքների մասին, դա այլ հարց է: Պարզից էլ պարզ է, որ այս կամ այն քրեական գործի բացահայտումը լինելու է աղմկահարույց… Իսկ այդ ամենը հնարավոր է բացառապես իրավապահ մարմինների կամքի, միմիայն այդ կամքի շնորհիվ: Առավել քան վստահ եմ, որ այդ բացահայտումները շեշտակիորեն նպաստելու են հանրության շրջանում իշխանության հանդեպ վստահության աճի էլ ավելի մեծացմանը, բայց երկարաժամկետ հեռանկարում, ցանկացած նմանատիպ դեպքի բացահայտումը պետք է ուղեկցվի դատական և իրավապահ համակարգի համակարգային բարեփոխումների և հասարակության ու պետության միջև նոր որակի հարաբերությունների ձևավորման կոնտեքստում։
Անշուշտ, ասածս կարող է մանրուք թվալ, բայց, եթե վերոհիշյալ քրեական գործերի բացահայտումը պետք է արվի բացառապես քաղաքական կամքի կամ սկզբունքայնության հաշվին՝ առանց վերը նշածս հաշվի առնելու, ապա մեր հասարակությունը երբեք ապահովագրված չի լինելու քաղաքական կյանքում բռնության դերակատարումից նաև ապագայում:

Հ.Գ. Ակամայից հիշեցի հին աշխարհի իմաստուններից մեկի՝ Արիստոտելի հայտնի խոսքը. «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»…