Search
Close this search box.

Բանակում դեռ տիրում է նույն մթնոլորտը, ինչ եղել է մինչ հեղափոխությունը

Արդեն մեկ ամիս է՝ գյումրեցի Հարոյանների ընտանիքում սուգ է: Մեկ ամիս առաջ Արցախի N զորամասում մահացավ նրանց ընտանիքի փոքր որդին Գևորգը: Նրա մահը առաջինը չէ, սակայն հուսանք կլինի վերջինը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ելույթներից մեկում նշեց, որ Հայաստանում զգալիորեն պակասել են նման դեպքերը: Այստեղից հարց է առաջանում՝ արդյո՞ք վարչապետը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում բանակում և ո՞վ է պատասխանատու, ինչո՞ւ նրան չի զեկուցվում, որ բանակում ոչինչ չի փոխվել և նույն պատկերն է ինչ եղել է մինչև հեղափոխությունը:

Վերջին 6 ամիսների ընթացքում արդեն 9 ինքնասպանության դեպք է գրանցվել, նշում է Գևորգի քեռին՝ Արմեն Բեգլարյանը: Համենայնդեպս այդպես են ներկայացնում, սակայն Գևորգի հարազատները կտրականապես հերքում են ինքնասպանության վարկածը և պնդում, որ Գևորգին սպանել են: Դեպքի առիթով կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել են 2 անձ`վաշտի հրամանատարը և մի սերժանտ: Գևորգի հարազատները պահանջում են, որ պաշտոնապես հերքվի ինքնասպանության վարկածը`նշելով որ նման բան անհնար է, և Գևորգը չէր կարող ինքնասպան լինել, նրան հաստատ սպանել են:

Չնայած դեպքի աղմկահարույց լինելուն՝ համապատասխան մարմինները շարունակում են լուռ մնալ և անպատասխան թողնել հարազատների պահանջը՝ խուսափելով հանդիպումից: Գևորգի մորեղբայրը պահանջում է, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս դեպքի համար հրաժարական տան: Ըստ նրա մեղավոր է նախ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, որ չի տիրապետում իրավիճակին բանակում, ապա ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ պատասխանատու են այս ոճրագործության համար: Տվյալ միջադեպին անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները ՝փորձելով սաբոտաժի ենթարկել ՀՀ նոր իշխանություններին:

« Պետք չէ թույլ տալ, որպեսզի այս դեպքը քաղաքականացվի, այլ պետք է անաչառ քննություն կատարել և համակարգը զտել ներսից, որպեսզի այլևս նման դեպքեր չլինեն: Բանակում դեռ տիրում է նույն մթնոլորտը, ինչ եղել է մինչ հեղափոխությունը և պետք է լրջորեն զբաղվել բանակի կարգ ու կանոնով, որպեսզի ծնողներն այլևս չվախենան իրենց որդիներին բանակ ուղարկելուց »,-ասում է Արմեն Բեգլարյանը:

Վարուժան Հովհաննիսյան