Search
Close this search box.

«Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է ծուռ վզով արտաքին քաղաքականություն վարեն». Փաշինյանի պատասխանը Վ. Սարգսյանին

«Եթե ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու շահավետ առաջարկ լինի մեզ համար, կքննարկենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանի նոր իշխանություններին ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու առաջարկի մասին: Անդրադառնալով Բոլթոնի հայտարարությանը, թե ընտրություններից հետո, հաշվի առնելով Փաշինյանի բարձր վստահությունը, որոշիչ քայլեր կլինեն Ղարաբաղի հարցում, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, բայց որևէ մեկը չի կարող խոսել իր անունից: «Այս հարցում եկեք պայմանավորվենք, որովհետև մինի փոթորիկներ են էլի կազմակերպում համացանցում, չի կարող լինել լուծում, որ ընդունելի չէ հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի համար: Իսկ հարցի գլոբալ կարգավորման համար, հասկանալի է, որ այդ լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար, և մենք պետք է լինենք հրապարակային»,-ասաց Փաշինյանը ու շարունակեց. «Ես չեմ համարում, թե Ղարաբաղի հարցը լուծողը ես եմ, կամ որևէ վարչապետ է, Ղարաբաղի հարցը լուծող-չլուծողը հայ ժողովուրդն է, և, տվյալ դեպքում, նաև սփյուռքն է, որովհետև սա համահայկական հարց է:

Իրենք ինչպես սեփականաշնորհել էին ԼՂ հարցը, հիմա էլ ինձ են ուզում սեփականաշնորհել, ես Ղարաբաղի հարցը լուծողը չեմ: Հարցը լուծողը ժողովուրդներ են, որևէ վարչապետ այսօր կամ վաղը ժողովրդից բացի չկա»: Հարցին, թե Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացվե՞լ են արդյոք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ցանկացած հանդիպման ժամանակ ես խոսում եմ այդ պայմանավորվածությունների մասին, բայց, ի տարբերություն, նախորդ իշխանությունների՝ մեզ հաջողվել է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, այդ թվում և զինդադարի շատ թե քիչ պահպանման ուղղությամբ»: Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գնահատականին, որ արտաքին քաղաքականությունում սխալներ են թույլ տվել, Փաշինյանը պատասխանեց. «Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և եթե դա է իրենց պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկներին, ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ ու արժանապատիվ երկրին վայել, արժանապատիվ քաղաքականություն»: