Search
Close this search box.

«Փաստ» .Ակտիվիստ-բարձրաստիճան պաշտոնյայի ունեցվածքը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Արմեն Կոտոլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

«8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք» հատվածում Արմեն Կոտոլ յանը հայտարարագրել է ձեռքի ժամացույց:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 35 000 ԱՄՆ դոլար եւ 260 000 ռուսական ռուբլի:

Եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան: Չի հայտարարագրել նաեւ անշարժ եւ շարժական գույք:

Ինչպես տեղեկանում ենք հրապարակված կենսագրական տվյալներից, Արմեն Կոտոլյանը 2009–2011թթ. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ում եղել է առաջատար ինժեներ: 2011–2014թթ. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ի անալիզի եւ մոնիթորինգի բաժնում եղել է ծրագրային ադմինիստրատոր, իսկ արդեն 2014–2016թթ. նույն ընկերությունում զբաղեցրել է 1Ս ծրագրի ներդրման եւ սպասարկման բաժնի պետի պաշտոնը: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարն անկուսակցական է: Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով նա մասնակցել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին: Հավելենք նաեւ, որ Արմեն Կոտոլյանը հայտնի է որպես քաղաքացիական ակտիվիստ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: