Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ի « ֆրանսիական» հիստերիան. Գագիկ Համբարյան

Այսօր Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում Ֆրանսիայի դեսպանը,որին հանձնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի նոտան:
Պաշտոնական Բաքուն անասելի սրտնեղել է այն փաստից,որ երկու օր աջառ Արցախ է այցելել Ֆրանսիայի Սենտ Էտյեն քաղաքի քաղաքապետ Գաել Պերդրիոն,ով Շուշիի քաղաքապետարանում բարեկամության մասին համաձայնագիր է կնքել Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ…Հավելեմ,որ մինչ դիվանագիտական նոտայի հանձնումը,հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր,որ 350 հազար բնակչություն ունեցող Սենտ Էտյեն ագլոմերացիայի քաղաքապետին ներառել է իր տխրահռչակ “սև ցուցակ”-ում:
Սակայն,զարմանալիորեն,պաշտոնական Բաքուն չբավարարվեց “սև ցուցակ”-ով,ինչպես գրեթե միշտ էր անում և այս անգամ նույնիսկ ԱԳՆ կանչեց Ֆրանսիայի դեսպանին:
Պատճառը՝օտարերկրացիների կողմից Ադրբեջանի ԱԳՆ-ից հնչող սպառնալիքների հանդեպ քամահրական վերաբերմունքն է և առհամարանքը: Շատերը,ում Բաքուն ներառել է այդ “սև ցուցակում” թքած են ունեցել Ալիևի սպառնալիքների և քմծիծաղով են արձագանքում Ադրբեջանից հնչող սպառնալիքներին: Շատերն էլ շատ վիրավորվում են,երբ իմանում են,որ իրենք բացակայում են այդ “սև ցուցակում”…Բաքվի սպառնալիքներն արդյունք չեն տալիս:
Զավեշտալին այն է,որ շատերին,ում Բաքուն ներառել է այդ ցուցակում ավելի ճանաչված են աշխարհում,քան Ադրբեջան ապրանքանիշով պետությունը:
Բաքվի այս “ֆրանսիական” հիստերիկ պահվածքը նաև պայմանավորված է այն հանգամանքով,որ Ադրբեջանի ԱԳՆ-ի “սև ցուցակում” ընդգրկվածներից շատերը հենց Ֆրանսիայից են,բայց դա չի նվազեցնում Արցախ այցելոց Ֆրանսիայի քաղաքացիների հոսքը:Ավելին,շատերը,ովքեր այդ ցուցակում ընդգրկված են,շարունակում են իրենց այցերն Արցախ: Օրինակ՝Ֆրանսիայի ԱԺ-ի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը,ով ևս ներկա էր Շուշիի և Սենտ Էտյենի քաղաքապետների հանդիպմանը:
Հ.Գ.Հիանալի կլինի,եթե Ադրբեջանի ԱԳՆ-ի այս դեմարշից հետո Արցախ այցելեն մի շարք ֆրանսիական քաղաքների քաղաքապետներ:Համոզված եմ,մեր սփյուռքի ներկայացուցիչների համար այն կազմակերպելը մեծ խնդիր չէ:
Ժամանակին,երբ Արցախ այցելելու համար ձերբակալվեց բլոգեր Ալեքսանդր Լապշինը,մերոնց հաջողվեց կազմակերպել տարբեր երկրների բազմաթիվ բլոգերների այցն Արցախ,որն ուղղակի հարված էր Բաքվին: