Search
Close this search box.

Ու՞մ հաշվին է Պուտինը սիրաշահում Ադրբեջանին. Գագիկ Համբարյան

Երևանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը մամլո ասուլիս է տվել և ակնարկել է, որ արցախյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է:”Եթե ԵԱՏՄ-ն ընդգրկի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություն շատ քիչ կլինի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հետխորհրդային տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցությունների և փոխզիջումների միջոցով։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտություններ չլինեն”,-հայտարարել է Պուտինի էմիսարը:

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո Բաքվում կտրուկ ակտիվացել են կեղծ ռուսամետները, որոնք, հաշվի առնելով ՌԴ “կացնային” դիվանագիտությունը , փորձում են Ռուսաստանի իշխանություններին համոզել, որ Ադրբեջանը Մոսկվայի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում: Նույնիսկ այդ խորագրով հուլիսի 1-ին կոնֆերանս էին կազմակերպել Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղում, որին այցելել էին ոչ միայն Ադրբեջանի մոսկովյան այնպիսի լոբբիստներ, ինչպիսիք են Դուգինը, Շևչենկոն և այլք, այլ ՌԴ Պետդումայի պատգամավորներ:

Մոսկվային իրենց ռուսամետության փաստը ապացուցելու համար` ազերիները սկսեցին Պուտինի ականջին հաճո ելույթներով հանդես գալ: Օգոստոսի 16-ից սկսվեց “Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ” օպերացիան, որը ղեկավարում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի “Իրավական հարցերի և պետական շինարարության” հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին: Ապշերոնյան սուլթանի սույն մանկլավիկն ալիևյան ԶԼՄ-ներով Մոսկվային հասկացնում էր, թե ինչ կարժենա ռուսների համար, ինչպես Բաքվում են հեգնում ՀԱՊԿ-ին՝ “Պուտինյան ՆԱՏՕ-ին” անդամ դառնալու գինը: Ինչպես պարզ էր, ռուսներից մեծ բան չէր պահանջվում. Մոսկվան, ըստ Բաքվի, ընդամենը պետք է պարտադրեր Երևանին ուղղակի Արցախը զիջել Ադրբեջանին: Այսպիսով ազերիները, իրենց գինն առաջարկելով, գնդակն ուղարկեցին Մոսկվա, որտեղից պատասխան էին սպասում:

Կարելի է ենթադրել, որ Գլազևի Երևանում արած հայտարարությունը հենց Բաքվին հասցեագրված պատասխանն է: Այսինքն` Մոսկվան առաջարկում է Բաքվին սկզբից դառնալ, այսպես կոչված, տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի անդամ, իսկ հետագայում մտնել Պուտինի ստեղծած ռազմաքաղաքական բլոկ՝ ՀԱՊԿ: Երևանին համոզելու համար Գլազևը մի հեքիաթ է հորինել, որ, իբրև թե, Հայաստանն ու Ադրբեջանը նույն տնտեսական միության անդամ լինելու դեպքում շատ արագ կլուծեն Արցախյան հիմնախնդիրը: Այո՛, չեմ կասկածում, որ Մոսկվան այդ խնդիրը կլուծի:

Բայց հարցն այն է, թե ի՞նչ կարժենա դա Հայաստանի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը նավթ և գազ չունի, համոզված եմ, որ որևէ հայամետ որոշում չի կայացնի: Մեզ կրկին կփորձեն համոզել, որ նույն “միության” անդամ լինելով` որևէ տարբերություն չկա՝ Արցախը Հայասատնի, թե Ադրբեջանի կազմում է և կփորձեն կաշառել՝ մեծ ներդրումներով և դեպի Թուրքիա ու Իրան երկաթուղիների բացումով:
Մոսկվան, Բաքուն և Անկարան կփորձեն կրկնել այն ամենը, ինչ ժամանակին արեցին 20-րդ դարի սկզբին:
Հուսամ, Հայաստանի նոր իշխանությունները կտրուկ կմերժեն Գլազևի առաջարկները և կօգտագործեն Երևանի վետոյի իրավունքը, եթե Բաքուն փորձի դառնալ ԵԱՏՄ անդամ:

Հ.Գ.Նավթագազային ասեղին նստած և իր արժեքը գիտեցող Իլհամ Ալիևը շատ թանկ գին է ուզում “մերժված” Պուտինից, որ դառնա այնպիսի ձախողված կառույցների անդամ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ը: