Search
Close this search box.

Աշոտյանի դողացող ձայնն ու Փաշինյանի հաջորդ քայլը

Կառավարությունը չի բացառում, որ մոտ օրերս կնախաձեռնի ԱԺ արտահերթ նիստ օրենսգիրքն ընդունելու համար: Ըստ էության, խորհրդարանում կան անհրաժեշտ թվով պատգամավորներ՝ 63 հոգի, ովքեր տեսականում կարող են կողմ քվեարկել, եւ չի բացառվում, որ այս ուղղությամբ աշխատանք կատարվի:

Մինչ այդ, հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. կառավարության սիրո ու համերաշխության տրամաբանությամբ քայլերն անցնում են երկրորդ փորձից, ուժ ցուցադրելուց հետո: Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց երկրորդ փորձից, մայիսի 8-ին, այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ՀՀԿ-ն չապահովեց անհրաժեշտ թվով ձայներ, իսկ փողոցներում ցուցարարների թիվը բազմապատկվեց:

«Հակահեղափոխության» երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ի քվեարկությունն էր, որից հետո Նիկոլ Փաշինյանը տասնյակ հազարավոր մարդկանց ուղեկցությամբ մտավ Ազգային ժողով եւ հաջորդ օրերին խորհրդարանական ուժերը համաձայնվեցին դեկտեմբերին արտահերթ ընտրությանը:

Հետաքրքիր է, ինչ տեղի կունենա խորհրդարանում, եթե կառավարությունը կրկին Ընտրական օրենսգիրքը ներկայացնի ԱԺ քննարկմանը: Եվ արդյոք այդ ընթացքում կլինեն ուժային որոշակի գործողություններ:

ՀՀԿ-ի պահվածքը գնալով ավելի խղճուկ է դառնում: Այսօր կուսակցության պատասխանատուները փորձում էին ինչ որ հիմնավորումներ բերել, թե ինչու են դեմ նոր Ընտրական օրենսգրքին: Դրանք համոզիչ չէին, փոխարենն ինչ ասես արժեր Արմեն Աշոտյանի ելույթը: Սովորաբար ինքնավստահ ու սահուն խոսող Աշոտյանի ձայնը թե ԱԺ ամբիոնից, թե լրագրողների հետ զրույցում պարզապես դողում էր:

Այդպես կարող է լինել միայն ներքին՝ անհատական ու կոլեկտիվ մակարդակում, հակասության պարագայում, երբ արդեն կամ չգիտեն ինչ անել, կամ կատարում են իրենց կամքին հակառակ քայլեր, բարդացնելով ոչ միայն իրենց, այլեւ հանրային-պետական իրավիճակը, մտնելով նոր մեղքի ու պատասխանատվության տակ: