Search
Close this search box.

Կոչս բարեկամական է. Նաիրա Զոհրաբյանը հորդորում է չխոչընդոտել ԸՕ ընդունմանը

ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մյուս խմբակցություններին հորդորեց գնալ կոնսենսուսի և թույլ տալ, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ընդունվի:

«Երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ: Դեկտեմբերին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա պետք է լինենք կամ խոհեմ, կամ ոչ, այլ ընտրություն չկա: Կամ մենք գնում ենք նոր Ընտրական օրենսգրքով, որն էականորեն բարելավում է ընտրական ընթացակարգերը, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով և ընտրությունների գնալու ենք հին Ընտրական օրենսգրքով: Ես հորդորում եմ մյուս խմբակցություններին գնալ խոհեմության ճանապարհով, գնալ քաղաքական կոնսենսուսի»,-ասաց Զոհրաբյանը:

Անդրադառնալով որոշ խմբակցությունների դիտարկմանը, թե իրենց Ընտրական օրենսգրքին ծանոթանալու ժամանակ չեն ունեցել՝ Զոհրաբյանը նշեց՝ ինքն ու իր ընկերները աշխատանքային խմբի անդամ են և ամռանն այն քննարկել են հանգամանորեն: Դրանից հետո Կառավարության հետ քննարկումերի արդյունքում ավելացվել են մի քանի դրույթներ, որոնք բարելավում են ընտրական համակարգը:

«Կոչս բարեկամական է՝ գնալ քաղաքական բարեկամության ճանապարհով, թույլ տալ, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվի, որ առաջիկա ընտրություններն անցկացվեն շատ ավելի քաղաքական, բարելավված օրենսգրքով, քան նրանով, որն ապաքաղաքականացրեց նախորդ խորհրդարանական ընտրությունները»,-եզրափակեց Զոհրաբյանը: