Search
Close this search box.

Նախնական արդյունքներով՝ Արմավիրում, Էջմիածնում և Հրազդանում հաղթել են ՔՊ–ական թեկնածուները, Կապանում՝ անկուսակցական թեկնածուն

Հայաստանի 4 քաղաքներում՝ Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում, հոկտեմբերի 21-ին կայացած քվեարկությամբ քաղաքապետ են ընտրել: ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով նշված չորս քաղաքներից երկուսում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները, մեկում հաղթել է ՔՊ–ական թեկնածուն, որը սակայն ինքնաառաջադրվել էր, իսկ քաղաքներից մեկում հաղթել է անկուսակցական թեկնածուն։

Նախնական տվյալներով՝ Հրազդանի քաղաքապետ է ընտրվել ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով «Քաղաքացիական կուսակցություն» կուսակցության անդամ է, սակայն ինքնաառաջադրվել էր։ Սևակ Միքայելյանը հավաքել է 10,681 ձայն: Մյուս թեկնածուն՝ Լևոն Ստեփանյանը, հավաքել է 4 819 քվե։

Արմավիրում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տարել ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը՝ ստանալով 6693 քվե։ Մյուս թեկնածուների դեպքում ձայների հետևյալ բաշխվածությունն է. Ժիրայր Աբրահամյան՝ 159 ձայն, Օհան Հարությունյան՝ 1626 և Սևակ Մինասյան՝ 1288։

Էջմիածնում հաղթել է ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը, ով մինչ այժմ քաղաքապետի պաշտոնակատարն էր: Դիանա Գասպարյանն ստացել է 8076 ձայն։ Մյուս թեկնածուների մոտ պատկերը հետևյալն է. Վարդան Առաքելյան՝ 402 ձայն, Գագիկ Բաղրամյան՝ 250 ձայն, Վազրիկ Գրիգորյան՝ 283 ձայն, Վահագն Թադևոսյան՝ 203 ձայն, Սուրեն Թոփալյան՝ 295 ձայն, Սուսաննա Մարգարյան՝ 180 ձայն, Վահե Մովսիսյան՝ 679 ձայն, Սամվել Մուրադյան՝ 802 ձայն, Սուրեն Մուրադյան՝ 3699 ձայն, Սերգեյ Սարգսյան՝ 196 ձայն և Կարեն Ստեփանյան՝ 416 ձայն։

Կապանում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը՝ ստանալով 10,507 քվե։ ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանն ստացել է 8499 ձայն։ Երրորդ թեկնածուն՝ Էդգար Հովհաննիսյանը, ստացել է 297 ձայն։