Search
Close this search box.

Հրազդանի 26/14 ընտրատեղամասից ոստիկանությունը գրանցամատյան էր տարել

Հրազդանի Վանատուր թաղամասում (որտեղ բնակվում է նաև Սասուն Միքայելյանի ընտանիքը-խմբ.) գտնվող 26/14 ընտրատեղամասից գրանցամատյանը ոստիկանությունը տարել էր: Այս պահին այն հետ է վերադարձվել:

Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Լալա Վիրաբյանն ասաց, որ խնդիրը կապված է եղել այնտեղ գրանցված ընտրողներին օգնողներից մեկի հետ:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ չնայած ինքը եղել է ընտրատեղամասում, սակայն այդ պահին գրանցամատյանից հեռու է եղել և չի նկատել, որ ոստիկանությունն այն տարել է: Այս մասին տեղյակ է եղել հանձնաժողովի քարտուղարը։

Լալա Վիրաբյանն ընդգծեց, որ միջադեպի հետ կապված այլ մանրամասների նա չի տիրապետում:

Հանձնաժողովի նախագահից լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչու է հանձնաժողովի անդամներից մեկը լքել ընտրատեղամասը Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի քվեարկությունից հետո, եթե դրա իրավունքը չուներ:

Հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ ընտրատեղամասում հարմարություններ, զուգարան չկա: Այդ պատճառով հանձնաժողովի անդամը լքել է տեղամասը, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ դրա իրավունքը չուներ:

Նշենք, որ Սևակ Միքայելյանի քվեարկությունից հետո հանձնաժողովի անդամներից մեկը դուրս էր եկել ընտրատեղամասից և հետևում էր Սևակ Միքայելյանի հարցազրույցի ընթացքին, ապա նշել էր. «Ի՞նչ եք ուզում, երեխան բոլոր հարցերին պատասխանեց»: