Search
Close this search box.

Սևակ Միքայելյանին քվեարկելու են որպես Սասուն Միքայելյանի որդու. Լևոն Ստեփանյան

Հրազդանի քաղաքապետի 24-ամյա թեկնածու Լեւոն Ստեփանյանը քվեարկության էր եկել իր տատիկի հետ: Այսօր՝ հոկտեմբերի 21-ին Հրազդանի թիվ 26/01 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում Լեւոն Ստեփանյանը հայտարարեց, որ քվեարկելու է հանուն արդարության եւ նոր Հրազդանի:

Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքում իր մրցակից Սեւակ Միքայելյանը («Ելք»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին) վարչական լծակներ է օգտագործել:

«Ինչ-որ չափով անհավասար մրցակցություն եղել է, բայց ոչ մեծ չափերի»,-նկատեց նա:

Հարցին, թե ի՞նչ դեր է խաղալու այս ընտրություններում ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի անձը, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Սասուն Միքայելյանը մեր քաղաքում որոշ շրջանակներում ունի սիրված եւ ճանաչված վարկանիշ եւ տվյալ շրջանակի մարդիկ, մեծ հաշվով քվեարկելու են ոչ թե Սեւակ Միքայելյանին, այլ որպես Սասուն Միքայելյանի որդու»:

Լեւոն Ստեփանյանը նշեց, որ չընտրվելու դեպքում պատրաստ է սեղմել Սեւակ Միքայելյանի ձեռքը, սակայն նրա առաջարկությամբ քաղաքապետարանում որեւէ պաշտոն չի ստանձնի. «Բացառում եմ բոլոր քաղաքական պաշտոնները, ես գործարար եմ եւ, եթե չընտրվեմ գործարարությամբ կզբաղվեմ իմ գործարարությամբ»: