Search
Close this search box.

Մի հարց ունեմ քեզ, քաղաքս, դու դեռ քո գրողի՞ն ես սպասում.Դավիթ Մուրադյան

Ի՞նչն է ինձ պակասում Երևանում: Փշատենիների բուրմունքը՝ գարնանային ամիսներին: Այդ ծառերն այլևս չկան, վերացան հին բակերի հետ, մնացին նախորդ դարում, յոթանասունականների մեջ … Ափսոս: Իմ քաղաքին սազում էր այդ բուրմունքը:

Եվ լուսանկարչատներն են պակասում, ուր գնում էինք ընտանիքներով, ու հայտնի ֆոտովարպետների անունները՝ Խանոյան, Խանդիկյան, Տիրան ու, իհարկե, Շանթ: Սա նույնպես երբեք չես վերադարձնի, որովհետև բոլորս այսօր լուսանկարիչներ և հատկապես ինքնալուսանկարիչներ ենք, բայց լույս ու ստվերի դեղագործական համադրությունը, կադրի կոմպոզիցիան, ռակուրսը, — ո՞ւր են:

Չէ, սա որոնումը չէ ,,կորուսյալ դրախտի,, , թեպետ յուրաքանչյուր սերնդին՝ ի՛ր դրախտը, և այսօրվա երիտասարդ երևանցին իր սիրելու քաղաքն ունի ու հետո այդ մասին կպատմի թոռներին, ինչպես հիմա ես եմ պատմում: Բայց իմ տեսած — ապրած Երևանից լսողությանս մեջ մնացել է տրամվայների զրնգոցը:

Այժմյան Հանրապետության, իսկ այն ժամանակվա Ալավերդյան փողոցով այդ տրամվայներն անցնում էին գրեթե շենքերի պատերին քսվելով, իսկ ավելի ուշ, արդեն ութսունականների սկզբին, հայտնվեց տրամվայ — սրճարանը՝ Ռիգայի օրինակով:

Տրամվայ — քաղաք ներդաշնակությունը դեռ վայելում եմ Վարշավայում կամ Բեռլինում, թեպետ արդեն մի քանի տարի չեմ եղել, սակայն շատ լավ գիտեմ. որ քաղաքիս համար սա հաստատ իրական չէ, — մեր փողոցները հազիվ ավտոմեքենաներին են դիմանում, և նույնիսկ տրոլեյբուսն անախրոնիզմ է արդեն:

Հետո՞, հետո՞:

Երևանի խենթուկներին եմ կարոտում: Գուցե այդպիսիք հիմա էլ կան, չգիտեմ: Բայց ահա
Մարքսի փողոցի Պրիվետ Բիձան, առաջին հարկի պատշգամբում նստած, որ ամեն անցնող — դարձնողին ողջունում էր՝ ձեռք թափահարելով, և ասում իր անխուսափելի ,,պրիվետը,,: Ու բոլոր թատերասրահներում գրեթե միաժամանակ ներկա Եպրաքսյան, կռվազան ու արվեստամոլ, ով բնակարան ստացավ քաղաքապետ Հասրաթյանից՝ չափածո դիմում ներկայացնելով:

Երևան, դու Քոչարի դեմքն ունեիր: Երվա՛նդ: Ծխամորճը ձեռքին, թիթեռնիկ փողկապով, դեպի նկարիչների տան սրճարանը ճեմելիս: Այնտեղ նրան Կոստան Զարյանն էր սպասում, ,,Յումանիտե դիմանշ,, շաբաթաթերթը սեղանին փռած,- ևս մի աշխարհամարդ, ու նրանք երբեմն ֆրանսերեն էին զրուցում՝ լեզվի կարոտն առնելու և անցանկալի ականջներից յուրյանց ապահովագրելու համար:

Երևան, որտեղ, հորս ձեռքը բռնած քայլելիս, տեսնում էի դասական դիմագծերով մարդկանց, ովքեր ողջունում էին միմյանց՝ վեր առնելով լայնեզր գլխարկները, և ասում՝ պատիվ ունեմ: Համբուրվել չկար, չէ:

,,Սա գեներալ Արարատովն է,, — կիսաձայն բացատրում էր հայրս հերթական ողջագուրումից հետո, — ,,Սարդարապատի հերոս:,, Ի՞նչ էի հասկանում ես՝ տասը տարեկանս: Միայն գիտեի, որ նրա դուստրը՝ Ելենա Արարատովան, ,,Սուսերով պարի,, աստեղային կատարողն է ,,Գայանե,, բալետում և հիմա այդ դերապարը սովորեցնում է քրոջս՝ փոխարնող պատրաստելու համար: Արարատովը, գեղանկարիչ Շիշմանյանը՝ իր անգլուհի տիկնոջ հետ, ով մի հատուկ հմայքով խոսում էր հայերեն, հայտնի բժշկապետ Արամ Թորգոմիչը, բանաստեղծ Գեղամ Սարյանը՝ մազերի ճերմակ բոլորակը մինչև ուսեր, սպիտակ մեխակը՝ կրծքագրպանում, և պրոսպեկտ — Պուշկին խաչմերուկում խմբված ,,գվարդիական,, տղեքը՝ ութն անց քսան բեղերով, անմիջապես ձգվում էին ու սսկվում, որովհետև այդպիսի մարդու ներկայությամբ հայհոյախառն խոսել չէր կարելի: Ու իհարկե Նար — Դոսի որդին, մեծանուն երգիչ Նառ Հովհաննիսյանը՝ Բոլշոյի բեմը զարդարած, ում թաղմանը, արդեն իննսունականների սկզբին, հավաքվել էինք հազիվ քսան հոգով:

Մի հարց ունեմ քեզ, քաղաքս: Ինչո՞ւ այդքան քիչ արտացոլվեցիր մեր գրականության մեջ: Բաբելի Օդեսսան կա: Ջոյսի Դուբլինը՝ նույնպես: Անդրեյ Բելիի ,,Պետերբուրգը,, , Ջոն Դոս Պասոսի Նյու Յորքը … Հատուկենտ գործեր կարող եմ հաշվել, որտեղ տեսնում ենք քո հոգեբանական հասցեն: Այս հարցը տալու մի համեստ իրավունք ունեմ, որովհետև գրել եմ ,,Հրաժեշտն,, ու ,,Մեր հին դաշնամուրը,,: Դու դեռ քո գրողի՞ն ես սպասում:

Շնորհավոր տոնդ, ծննդավայր: