Search
Close this search box.

Ինչու՞ սպանվեց սաուդացի լրագրողը և որքա՞ն արժի նրա կյանքը

Մի քանի ժամ առաջ Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդեց, որ հոկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում անհետացած ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջին սպանվել է հյուպատոսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Մինչ այս պահը պաշտոնական Էր Ռիադը չէր ցանկանում նույնիսկ ընդունել, որ հյուպատոսարանի շենք մուտք գործած լրագրողը անհետացել է և հյուպատոսարանից դուրս չի էլ եկել: Հիշեցնեմ, որ 2018 թ-ի հոկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհետացել էր սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջին:
2017 թ-ից ԱՄՆ-ում բնակվող և հայտնի The Washington Post պարբերականի հետ համագործակցող Հաշքաջին ընկերուհու հետ ժամանել էր Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան` ամուսնալուծության փաստաթղթերը ստորագրելու համար: Հյուպատոսարան մուտք գործելուց հետո նա անհետացել էր: Սաուդացի լրագրողի անհետացումը և, ինչպես արդեն հայտարարվում է, սպանությունը միջազգային մեծ սկանդալի պատճառ է դարձել:

Այժմ ոչ մեկը չի կասկածում, որ Հաշքաջիի անհետացման և սպանության հետևում կանգնած է Էր Ռիադում իշխող Սաուդիտների դինաստիայի Սուդեյրի կլանի ներկայացուցիչ, թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, ում դեմ են ելույթ ունենում հատկապես Թուրքի կլանի ներկայացուցիչները, ովքեր մեկ տարուց ավել է պայքարում են բին Սալմանի հալածանքների և նրա մենիշխանության դեմ:
2017 թ-ի հունիսի 21-ին, ստանալով թագաժառանգի կարգավիճակ, Մուհամեդ բին Սալմանը ուղղակի տեռորի ենթարկեց Սաուդիտների դինաստիայի իրեն ոչ հարազատ կլանների և հատկապես Թուրքի կլանի ներկայացուցիչներին, որի արդյունքում շատերը ոչ միայն զրկվեցին պաշտոններից և ունեցվածքի որոշակի մասից, այլև շատ արքայազներ ուղղակի սպանվեցին կամ վտարվեցին երկրից: Կլանային պատերազմը Սաուդյան Արաբիայում նոր թափ ստացավ սույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ բին Սալմանը նոր արշավ սկսեց իրեն ընդդիմացողների դեմ, որը կրկին վերածվեց ահաբեկչության:

Անհետացած և սպանված լրագրող Ջամալ Հաշքաջին ևս պատահական մարդ չէր այս կլանային պատերազմում: Նրա ընտանիքը, սաուդական ամենահարուստ ընտանիքներից լինելուց բացի, նաև սերտ համագործակցել է Սաուդիտների դինաստիայի Թուրքի կլանի ներկայացուցիչների հետ և հատկապես առաջ է տարել նրանց շահերն ԱՄՆ-ում, որտեղ Հաշոգի-Հաշքաջիները դեռ անցյալ դարի 50-60 թթ-ից սերտ կապեր են հաստատել ամերիկյան քաղաքական և տնտեսական էլիտայի ներկայացուցիչների հետ:
Սպանված լրագրող Ջամալ Հաշոգի-Հաշքաջին բավական սերտ համագործակցել է Թուրքի կլանի առաջնորդ, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Բանդար բեն Սուլթանի և Սաուդյան Արաբիայի հետախուզության ծառայության նախկին ղեկավար Թուրքի իբն Ֆեյսալի հետ…Թագաժառանգ իբն Սալմանի Թուրքիների դեմ պատերազմից հետո Ջամալ Հաշքաջին լքել էր Էր Ռիադը և հաստատվել էր Վաշինգտոնում, որտեղ համագործակցում էր ամերիկյան ամենահայտնի և ծանրակշիռ պարբերականներից մեկի՝ The Washington Post-ի հետ, որտեղ հրապարակված հոդվածների մեծ մասը խիստ ընդդիմադիր էին իբն Սալմանին: Թագաժառանգը բազմիցս փորձել էր կաշառել լրագրողին, սակայն հաջողության չէր հասել: Դա Էր Ռիադում չէին կարող ներել:

Հաշքաջիի ապագան կանխորոշված էր: Սակայն սաուդացի թագաժառանգը չէր կարող իր “վճիռը” կյանքի կոչել ԱՄՆ-ում,քանի որ հետևանքները սարսափելի ծանր կլինեին Սաուդյան Արաբիայի համար:  Բացի այդ, իբն Սալմանը նախագահ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ մոտ ընկերներ են: Պետք էր սպասել հարմար պահի, երբ Հաշքաջին կլքեր ԱՄՆ-ը:
Սակայն Ստամբուլում Հաշքաջիի հետ հաշվեհարդար տեսնելը ևս պատահական չէր: Էր Ռիադը և Անկարան վաղուց են մրցակցում միմյանց դեմ՝ սուննի մահմեդական աշխարհում լիդերի դերը ստանձնելու նպատակով: 2017 թ-ի ամռանը ծագած Քաթարյան ճգնաժամը էլ ավելի սրեց այդ մրցակցությունը Թուրքիայի և Սաուդյան Աարբիայի միջև, որի ժամանակ Էրդողանը կանգնեց Դոհայի կողքին: Տնտեսապես թուլացած Թուրքիայի տարածքում, վերացնելով իրեն քննադատող լրագրողին, Մոհամեդ բին Սալմանը հուժկու հարված հասցրեց Էրդողանի վարկանիշին՝ սուննի մահմեդական աշխարհին ցույց տալով, որ Սաուդյան Արաբիան նույնիսկ Թուրքիայի տարածքում է ի վիճակի ֆիզիկապես ոչնչացնել ում ցանկանա և երբ ցանկանա… Իրեն լիդեր համարող որևէ երկիր դա չի կարող կուլ տալ կամ ներել:

Սակայն իբն Սալմանը, ինչպես երևում է թուրքական ԶԼՄ-ների տվյալներից, առաջնորդվում է՝ “Ինչ չի կարելի գնել գումարով, կարելի է գնել ավելի մեծ գումարով” կարգախոսին համաձայն: Ըստ վերջին տեղեկությունների` Հաշքաջիի սպանությանն ավելի “մեղմ” վերաբերվելու և միջազգային սկանդալը չխորացնելու համար Էր Ռիադը տնտեսապես ծանր վիճակում գտնվող Անկարային առաջարկել է 25 միլիարդ դոլարի սահմանում ֆինանսական օգնություն տրամադրել, իսկ ԱՄՆ-ին էլ առաջարկել է 50 միլիարդ դոլարի սահմանում զենքի վաճառքի նոր պայմանագիր կնքել:
Սաուդացի լրագրողի սպանության շուրջ սկանդալը դեռ չի ավարտվել և ամեն օր նոր տեղեկություններ են տարածվում այդ սահմռկեցուցիչ դեպքի և դրան նախորդող և հաջորդած իրադարձությունների մասին:

Սակայն մեկ բան պարզ է. Հաշքաջիի սպանությունը սովորական հանցագործություն չէ և այն, եթե Էր Ռիադին չհաջողվի գնել շահագրգիռ կողմերի լռությունը, մեծ խնդիրներ կարող է առաջացնել ոչ միայն իբն Սալմանի, այլև Թրամփի համար, որի ընտանիքը ոչ միայն ընկերություն է անում օդիոզ և դաժան սաուդացի թագաժառանգի հետ, այլև թանկարժեք “նվերներ” է ստացել վերջինից: Համոզված եմ՝ վտանգի դեպքում Թրամփը մեծ հաճույքով կզոհաբերի Մոհամեդ բին Սալմանին, ինչպես ժամանակին վարվեցին Քադաֆիի նկատմամբ արևմտաեվրոպական շատ երկրների ղեկավարներ, որոնք մեծ հաճույքով ընդունում էին Լիբիայի բռնապետին իրենց մայրաքաղաքներում և ահռելի գումարներ էին ստանում վերջինից՝ որպես ներդրումներ և նվերներ:

Հ.Գ. Ջամալ Հաշքաջիի սպանության պատճառ կարող էր լինել նաև նրա հոդվածներից մեկը The Washington Post-ում, որտեղ սաուդացի լրագրողն անկեղծացել էր, որ “ինչ-որ մանրամասների է տեղյակ կապված 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի դեպքերի և Սաուդյան Արաբիայի այդ ամենին մասնակցության հետ”:
Գագիկ Համբարյան