Search
Close this search box.

«Սև կատու» Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի հարաբերություններում

«Պետական կառավարման մարմինները չպետք է որևէ կերպ ներգրավված լինեն նախընտրական գործընթացներում», – երեկ կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Միանգամայն օբյեկտիվ պահանջ է, որը բխում է ոչ միայն Ընտրական օրենսգրքի, այլ նաև՝ հեղափոխության համատեքստից։ Փաշինյանն, իհարկե, խոսել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին, սակայն կարծում ենք՝ ասվածը հավասարապես վերաբերում է նաև ՏԻՄ ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 21-ին, խոսքը մասնավորապես Հրազդանի, Էջմիածնի ու Արմավիրի քաղաքապետի ընտրությունների մասին է։

Ամբողջ խնդիրն այն է, որ վարչապետի միանգամայն օբյեկտիվ դիտողությունը մնում է տեսական մակարդակում՝ չնայած այն հանգամանքին, որ հեղափոխությունն արմատապես վիճակ է փոխել երկրում։ Նոր իրողություններին չի կարողանում ադապտացվել քաղաքական համակարգը, անգամ՝ կառավարող կուսակցությունը։ Հասարակությունը նույնպես դեռ պատրաստ չէ գիտակցված ընտրության ու շատ դեպքերում սպասում է, որ իրեն հուշեն։ Այս պահին Հայաստանում, ըստ էության, չկա քաղաքական ընդդիմություն․ նախկին համակարգի կողմնակիցները բարոյական ու քաղաքական հարթության վրա մաշված են, իսկ նոր ընդդիմության հայտ ներկայացնողների նախաձեռնությունները երկչոտ են ու ոչ հետևողական։ Քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները նույնպես չեն աշխատում, որովհետև «քաղաքացիականները» հիմնականում ինտեգրվել են հեղափոխության թիմին։

Հայաստանում ընտրություններն այլևս չեն կեղծվում, բայց պետական ու քաղաքական օրակարգերը ամբողջովին միախառնված են, ինչը թույլ չի տալիս պնդել, որ ընտրական գործընթացներն ամբողջովին իդեալական մակարդակի վրա են։

Վարչապետի հայտարարությունից ժամեր անց Էջմիածնի քաղաքապետի քարոզչական հանրահավաքին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախարարի ու մարզպետի ուղեկցությամբ։ Եթե նույնիսկ անտեսենք այն հանգամանքը, որ հանրահավաքը մեկնարկել է աշխատանքային ժամի, ապա միայն այն հանգամանքը, որ պետական այսպիսի դեսանտ է իջել տեղական ընտրություններում՝ արդեն հակասում է մրցակցության ոգուն։ Այսօր վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Կապան, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ պետական օրակարգով ու միջոցներով նախատեսված այցի ավարտին տեղի է ունենալու հանրահավաք հաջակցություն Կապանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի։ Եթե նույն բանն աներ Սերժ Սարգսյանը, բոլորս օբյեկտվորեն քննադատելու էինք նրան՝ նշելով, թե չի կարելի վերացնել սահմանը պետական կամ քաղաքական օրակարգերի միջև։

Նույն տրամաբանությամբ չի կարելի, երբ ընտրական գործընթացին մասնակից են դարձվում դպրոցը, կրթական հաստատությունները, այլ խոսքով՝ չարաշահվում է վարչական ռեսուրսը։ Խոսքն այս դեպքում վերաբերում է Հրազդանի ընտրություններին ու քննադատության թիրախն էլ ուղղված է Սասուն Միքայելյանին ու նրա որդուն։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։

ՀԿ-ի fip.am կայքը նախ հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամ է Սևակ Միքայելյանը, հայտարարել է, որ թեկնածուներից որևէ մեկին չի սատարում։ Այնուհանդերձ Հրազդանում միակ ՔՊ գրասենյակը, որը գտնվում է կենտրոն թաղամասում, ծառայում է որպես Միքայելյանի նախընտրական գրասենյակ։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել է իր ասածները հաստատող ձայնագրություն, ինչին ի պատասխան՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը մտադիր է դիմել դատախազություն։

«Այդ մոտեցումը շատ ուժեղ համընկնում է 2017 թ-ին ՀՀԿ մոտեցուման հետ, երբ մենք հրապարկեցինք 114 դպորցների տնօրենների վերաբերյալ հետաքննությունը: Մեր ինֆորմացիան հստակ է, դպրոցի տնօրենները ներգրավում են ուսուցիչներին Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մասնակցելու համար և մենք տեղեկությունը մերկապարանոց չհրապարկելու համար արեցինք այդ հետաքննությունը», – ասել է Դանիել Իոաննիսյանը:

Քաղաքացիական հասարակությունը հենց նրա համար է, որպեսզի նկատի թերությունները, ընտրական խախատումները ու դրանց մասին բարձրաձայնի։ Այս իմաստով Դանիել Իոննեսյանի արածի մեջ որևէ դատապարտելի բան չկա։ Վատն այն է, որ «հանրապետականիզմ» Իոննեսյանը տեսնում է միայն այնտեղ, որտեղ չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարճ ասած՝ Երևանի ավագանու ընտրություններում, օրինակ, այս նույն կազմակերպությունը «նկատել» էր, որ Արտակ Զեյնալյանը ծառայողական մեքենայով է մեկնել նախընտրական շտաբ, բայց համառորեն չէր «նկատում», թե քանի պետական մեքենա ու պետական թիկնազորի քանի ներկայացուցիչ է մասնակցում «Իմ քայլի» հանրահավաքներին։ Լավ չի, մեղմ ասած՝լավ չի, երբ քաղաքացիական առաքելության հետևում երևում են իշխանության ականջները։ Այ, եթե դրանք չերևային Դանիել Իոննեսյանն օբյեկտիվորեն կխոսեր նաև Էջմիածնում նկատված խախտումների մասին կամ դրանք անէական համարելով՝ կանտեսեր նաև դրանց գոյությունը Հրազդանում։

Չմոռանալով նշենք, որ ՔՊ-ի թեկնածուներից անցողիկության առումով ամենաբարձր շանսերն ուներ հենց Սասուն Միքայելյանի որդին, իհարկե՝ հոր շնորհիվ։ Ու եթե Սևակն ուզում է «գոլդ» տոկոսով անցնել, դա շատ վատ է, ուրեմն՝ հեղափոխությունը մինչև վերջ չի ընկալել։ Բայց այդ վիճակում են առաջին հերթին այն մարդիկ, ովքեր որոշել են ձեռքեր «տաքացնել» Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի հակասությունների վրա։

Սիրուն չի, նոր Հայաստանում հին Հայաստանի բարքերով ենք ապրում, մեր մեջից չենք հանել հակահեղափոխությունը, բայց դիմացինի մեջ ենք փնտրում «սևին»։ Հեղափոխությունը հրապարկում տեղի է ունեցել, բայց չի հասել մեր մտածողությանը, վարքագծին։
1in.am