Search
Close this search box.

ԲՀԿ-ն հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պայմանավորվածությանը, համաձայն որի չի առաջադրելու վարչապետի թեկնածու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք հավատարիմ ենք մեր պայմանավորվածությանը: Երկու շաբաթ հետո խորհրդարանն օրենքի ուժով կգնա ինքնալուծարման: Թե ինչ սցենարով կլինի ինքնալուծարումը, կարծում եմ, կլինի այնպես, ինչպես ենթադրում է մեր պայմանավորվածությունը: ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու»,-ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նկատեց, որ մեկ բան հստակ է՝ երկու շաբաթ հետո Հայաստանում լինելու է նոր քաղաքական իրավիճակ:

Խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան Զոհրաբյանն ասաց, որ կուսակցությունում քննարկում դեռ չեն ունեցել, սակայն վստահեցրեց` առաջիկա օրերին կլինի քննարկում և իրենց մասնակցության ձևաչափի մասին կհայտնեն բոլորին: