Search
Close this search box.

ԱԱԾ պետի խոստովանությունը վարչապետի հրաժարականից առաջ

Երեկ կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե Կոնգրես հյուրանոցի հետ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին խոսել է էմոցիաների ազդեցության տակ, ոչ փաստերով: Նա ասել է, որ դա ԱԱԾ տնօրենի պաշտոնում միակ դեպքն է:

Հիշեցնենք, որ աղմկոտ գաղտնալսման հրապարակումից հետո ասուլիսում Վանեցյանը հայտարարել էր, որ Քոչարյանը այդ հյուրանոցը ձեռք է բերել 6 մլն դոլար կաշառքով:

Նա ասել է նաեւ, որ չի հաստատվել Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքի՝ մարտի 1-ին կիրառված լինելու կասկածանքը:

Ըստ էության, նման վիճակ է նաեւ այլ աղմկոտ կոռուպցիոն բացահայտումների դեպքում, նաեւ «քաղաքական» գործերում, մասնավորապես՝ մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը երեք բարձրաստիճան պաշտոնյաներին: Եվ հարց է առաջանում՝ արդյոք դրանք էմոցիոնալ ազդեցությամբ բացված գործեր էին:

Դրանց հանրային էֆեկտն իհարկե բավական մեծ էր եւ անկասկած օգնում է ամբողջական իշխանափոխության հարցում: Եվ առաջանում է մեկ այլ հարց՝ արդյոք բացահայտումների նպատակը հենց այս քաղաքական խնդրի լուծումն էր, թե՞ տեղի է ունենալու համակարգային պայքար կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժման ուղղությամբ:

Հատկանշական է, որ ԱԱԾ տնօրենն այդ հայտարարությունն արեց վարչապետի հրաժարականից առաջ, երբ այսպես կոչված քաղաքական դաշտն իր բոլոր սեգմենտներով արդեն հանգել էր կոնսենսուսի արտահերթ ընտրությունը դեկտեմբերին անցկացնելու հարցում:

Մյուս կողմից, իրավապահները, առավել եւս ԱԱԾ տնօրենը, էմոցիաների ազդեցության տակ չպետք է գործեն, որքան էլ գործ ունեն հրեշավոր համակարգի հետ: Էմոցիան այնուամենայնիվ «պղպջակ» է, որը թեեւ ուժեղ էֆեկտ ունի, այդ թվում հանրային տրամադրությունների մասով, սակայն արդեն միջնաժամկետ կտրվածքով ունենալու է հակառակ էֆեկտ:
Lragir.am