Search
Close this search box.

Շատ տեղերում մարդիկ օրեր են անցկացնում թաղային «բեսեդկաներում» եւ ասում են՝ մի գործ լիներ, աշխատեինք. Փաշինյան

Մարդիկ ունեն եւ պետք է ունենան պահանջներ կառավարությունից, սակայն այդ պահանջները հնարավոր չի լինի իրագործել, եթե նույնպիսի պահանջկոտությամբ չենք վերաբերում մեր ունեցած հարկային պարտավորություններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում՝ նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարեւոր եռանկյունի է: Այն քաղաքացին, որ արդարացիորեն պահանջում է լուծումներ, պետք է հասկանա, որ ինքը նաեւ այդ լուծումների մասնակից է: Երբ պատշաճ ձեւով հարկերը վճարում է, ապա իր պահանջատիրությունն ավելի է մեծանում: Մենք այդ բոլոր հարցերը պետք է լուծենք համագործակցությամբ:

Մարդիկ պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի իրենց բարեկեցությունը բարձրացնելու համար, բայց արդյոք բոլոր մարդիկ ամեն ինչ անում են իրենք իրենց բարեկեցությունն ապահովելու համար: Վախենամ, այս հարցի պատասխանը միշտ չէ, որ դրական է: Շատ տեղերում մենք կարող ենք տեսնել մարդկանց, որոնք օրեր են անցկացնում թաղային «բեսեդկաներում» եւ ասում են՝ մի գործ լիներ, աշխատեինք»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ երբ գնացել էին Արարատի մարզում արտադրական տարածքներ, ընկերությունների ներկայացուցիչներն ասում էին, որ միշտ պատրաստ են անսահմանափակ քանակությամբ ընդունել ազնվամորի, սիդրիկ, շուշան եւ այլն: «Մարդիկ Տավուշի, Սնյուիքի, Լոռու մարզերից բերում են: Բայց նրանց գործունեությունը բավարարում է պահանջարկի չնչին տոկոսը: Ես չեմ ասում, բոլորս ամեն ինչ թողնենք գնանք սինդրիկ հավաքելու: Կառավարությունն ունի պարտավորություն մարդկանց բարեկեցությունն ապահովելու, սակայն երբ որեւէ ընտանիք ոչինչ չի անում իր բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ, ապա շատ դժվար է հավատալ, որ հրեղեն կառավարություն կձեւավորի ու ստիպողաբար այդ ընտանիքի բարեկեցությունը կապահովի: Ուզում եմ էլի ընդգծել, որ նոր ժամանակները աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն, նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են: Դրա համար պետք է հարկ վճարող քաղաքացիների թիվը մեծ լինի: Մեր խնդիրն է, որ այդ հարկերն արդյունավետ ծախսվեն»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը: