Search
Close this search box.

«Մենք հնարավորությունների սահմանափակում ունենք». Փաշինյանը ներկայացրեց Սպորտի նախարարի պաշտոնակատարին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

Փաշինյանն իր խոսքում նշեց. «Ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ոչ միայն մարզական նվաճումների մասին, այլեւ արձանագրենք, որ մարզական նվաճումներն առավել հավանական են դառնում այն ժամանակ, երբ որքան հնարավոր է մեծ թվով մարդիկ են զբաղվում սպորտով եւ ֆիզկուլտուրայով: Այնպես որ սա իսկապես ռազմավարական ուղղություն է: Մենք գիտենք, որ հնարավորությունների սահմանափակում ունենք, սակայն ընթացիկ ժամանակաշրջանի առանցքային քաղաքական իմաստն այն է, որ մենք ընդլայնենք մեր երկրի, ժողովրդի համար սահմանները»:

Նա հաջողություն մաղթեց Գաբրիել Ղազարյանին այդ քաղաքական ծրագրի իրագործման ճանապարհին. «Սա չափազանց կարեւոր է եւ հույս ունեմ, որ մեր կառավարութան գործունեությունը կնպաստի ՀՀ-ում առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզկուլտուրայի եւ սպորտի տարածմանը, երիտասարդության ակտիվ մասնակցությանը քաղաքական, հանրային, մշակութային, մարզական կյանքին: Երիտասարդությունը մեր ազգային պոտենցիալի ամենակարեւոր կրողն է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ պոտենցիալն իրացվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ նշեց, որ բազմաթիվ նոր ծրագրեր կան իրականացնելու. «Իրականում առաջին տարին չէ, որ աշխատում ենք այս կոլեկտիվի հետ: Մենք միասին ունենք նորանոր ծրագրեր: Այն խնդիրերը, որոնք դուք բարձրացրեցիք, մենք այդ ուղղությամբ ունենք ծրագրեր: Ակնկալում ենք ձեր աջակցությունը այդ հարցերում»,-ասաց Գաբրիել Ղազարյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բնականաբար իր աջակցությունը կլինի: