Search
Close this search box.

Խորհրդավոր հոկտեմբերի 16-ը

Վարչապետ Փաշինյանն իր հրաժարական տալու լուրը հայտնել էր ավելի վաղ, France 24-ին տված հարցազրույցում՝ մասնավորապես շեշտելով, որ հրաժարական կտա հոկտեմբերի 16-ին, իսկ ըստ մոտավոր հաշվարկների՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:

Հայտնի է, որ Փաշինյանն արդեն իսկ հուշագիր է ստորագրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, վերջինիս գլխավորած խմբակցությունը պարտավորվում է Փաշինյանի հրաժարականից հետո չառաջադրել վարչապետի թեկնածու:

ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու և վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին է հայտարարել նաև «Հանրապետական» խմբակցությունը։ Չնայած իր հայտարարության մեջ ՀՀԿ-ն գրել էր, որ չի ընդունում հենց դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրություններ անելու որոշումը։

Այնուամենայնիվ, խորհրդարանական ուժերի նման կապիտուլացումը թերևս Փաշինյանի հաղթանակներից մեկն է։ Անգամ Ռոբերտ Քոչարյանը հանձնվեց՝ այլաբանորեն հասկացնելով, որ Փաշինյանը հաղթել է, ինքը պարտվել է։ Եվ եթե ամեն ինչ անցնի ըստ այս պայմանավորվածությունների և որոշ կուսակցություններ չորոշեն անակնկալներ մատուցել վերջին պահին, ապա Փաշինյանն ու նրան սատարող ժողովուրդը վերջնական հաղթանակ կգրանցեն։

Կարելի է ասել, որ հոկտեմբերի 16-ը ոչ թե Փաշինյանի հրաժարականի օրն է, այլ նրա վերջնական հաղթանակը գրանցելու սկիզբը։ Փաշինյանի հրաժարականի քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա վստահ է հաղթանակի հասնելու գործում։