Search
Close this search box.

Աշխատանքի ճիշտ կարգավորումը առաջնահերթ խնդիր է Հայաստանում

Գյուղմթերքի վերամշակման շուկան Հայաստանում այսօր չի օգտագործում իր ամբողջ պոտենցիալը: Կաթ արտադրողները, օրինակ, բողոքում են կաթի ցածր գնից, կաթը փչանում է շուկա չհասած , այնինչ պանրի շուկայում դեֆիցիտ կա, ո՞րն է պատճառը եւ ինչպե՞ս կարելի  լուծել նմանատիպ խնդիրները: Բարեփոխումների հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարվել է տնտեսական քաղաքականությունը եւ բիզնես ոլորտը:

Հայաստանի  տնտեսության մեջ առկա խնդիրները շատ են ու անհապաղ լուծում պահանջող. Արձանագրում են  բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հավաքված գործարարները եւ տնտեսագետները: Խնդիրներ կան, որ անհապաղ լուծում  են պահանջում: Ամենից մեծ բացթողումը, որ մատնանշում են  տարիներ շարունակ ագրարային հստակ քաղաքականության բացակայությունն է: Չկան թիրախներ, որոնք հաշվի առնելով, պետք է աշխատել:

<< Եթե մենք խոսենք բիզնեսի զարգացման մասին ու անտեսենք այն սպառնալիքները, որ կան բիզնեսում,  դա կարճատեսություն կլինի: Չենք կարող զարգացնել տնտեսություն՝ զուգահեռ ունենալով տնտեսական անվտագությանը սպառնացող խնդիրներ: Ճանաչելի պետք է լինի տնտեսությունը, բայց  ոչ ոք չի կարող ասել ի՞նչ է իրենից այսօր ներկայացնում տնտեսությունը Հայաստանում: Մենք ինչ ծրագիր էլ գրում ենք , գրում ենք վերացական: Մարդկային ռեսուրսը, որ պետք է իրագործի՝ դա գործարարներն են, ինժիներն են … հաշվառված չէ, չկա>>,- ընդգծում է տնտեսագետը:

Հայաստանի շուկան փոքր է, բայց մեծ պոտենցիալ ունի: Հատկապես, եթե խոսքը գնում է գյուղմթերքի շուկայի մասին: Աշխարհում այսօր սննդամթերքի դեֆիցիտ կա: Հայկական գյուղմթերքը, որ համարվում է բիոսնունդ կարող է լրացնել այդ բացը եւ Հայաստանի տնտեսության զարգացման խթան հանդիսանալ: Սակայն, արտահանման փոխարեն մենք ներկրում ենք  դրսում աճեցված, հաճախ,  անորակ միրգ եւ բանջարեղեն:

ՀՀ արտահանողների միության նախագահ  Ռաֆի Մխչյանի կարծիքով  խնդրի լուծման եղանակ կարող է դառնալ ֆերմերային, կոլեկտիվ  տենտեսությունների զարգացումը: Ճիշտ մենջմենթ է պետք:  Պետք է վերանայել համակարգը  եւ ստեղծել պայմաններ, որ հարմար կլինի բոլորին: Աշխարհում ընդունված օրինակներով է խոսում: Գյուղմթերողը մթերքը գնում է, ոչ թե գյուղացուց այլ միջնորդից, որը տեսակավորում եւ ճիշտ տեղաբաշխում է բերքը: Հայաստանում պատկերը այլ է: Գյուղմթերողը փորձում է էժան գնել, գյուղացին թանկ վաճառել:

<< Մենք ունեինք հսկայական տնտեսություն, որը ոչնչացավ: Այսօր ստիպված ենք զրոյից սկսել այն կառուցելու գործընթացը:  Մենք կարողացել ենք միասնաբար հեղափոխություն անել, բայց  պետք է սովորենք նաեւ կոլեկտիվ աշխատել: Մեր ֆերմերները պետք է հասկանան, որ միակ լուծումը ստեղծված իրավիճակում կոոպերատիվն է: Հիմնական խնդիրը Հայաստանում աշխատանքի ճիշտ կարգավորումն է, տնտեսվարողը  չպետք է մտածի արտահանման եւ այլ խնդիրների մասին, պետք է գործի մեկ պատուհանի  սկզբունքը եւ բոլոր հարցերը լուծվեն ըստ այդմ>>,- կարծիք է հայտնում Ռաֆֆի Մխչյանը:

<<Հայաստանը ոչ թե, ինչպես նախարարությունում են ասում,  60-70, այլ՝ 120-130 տոկոսով ինքնաբավ է հացահատիկի առումով, սակայն, մենք ոչ միայն չենք արտահանում, այլեւ ներկրում ենք: Ու նաեւ  ինչ խնդիր ենք այստեղ հայտնաբերո՞ւմ: Գյուղացուց կոպեկներով գնված հացահատիկը  խառնում են այլ երկրներից թանկ ներկրված ապրանքի հետ եւ վաճառում նույն գնով: Թացն ու չորը իրար են խառնում…  ասում են համաշխարհային շուկայում գները բարձրացել են,  >>,- ավելացնում է Թաթուլ Մանասերյանը ու ավելացնում՝ հացահատիկի ռեզերվներ են անհրաժեշտ: Հայաստանը պատերազմական վիճակում է, գուցե մի օր դա մեզ համար կենսական անհրաժեշտություն դառանա: Տնտեսագետ Բաբկեն Թունյանն էլ տնտեսական քաղաքականության մեջ կարեւորագույն խնդիրը շարունակականության պահպանումն է համարում:

<<Տնտեսական քաղաքականությունը  այսօր հետին պլան է մղված եւ շեշտը դրված է քաղաքական գործընթացների վրա: Կարեւրոագույն խնդիրը տնտեսական քաղաքականության մեջ ցնցումներ թույլ չտալն է>>,- ընդգծում է նա:

Պահածոյագործների եւ հյութարտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հնչած տեսակետների հետ  համակարծիք է, տնտեսության խնդիրներին համակարգային մոտեցում է անհրաժեշտ: Հայաստանում ամենամեծ պոտենցիալ ունեցող ճյուղերից է նաեւ գյուղմթերքի  վերամշակումը: Այսօր, սակայն,  չենք կարողանում լիարժեք  օգտագործել  այդ պոտենցիալը, որովհետեւ հումքի եւ արտադրության հետ կապված խնդիրներ կան:

<< Կաթ արտադրողները, օրինակ,  բողոքում են, որ իրենց ապրանքը էժան է իրացվում, բայց մենք հանրապետությունում պանրի դեֆիցիտ ունենք, չկան գործարաններ, որտեղ կվերամշակվի կաթը: Հայկական պահածոն էլ արտերկրում  մեծ պահանջարկ ունի: Քանակ, սակայն, չենք կարողանում ապահովել: Գործարանների մեծ մասը աշխատում է 70-80-ականների սարքավորումներով: Ես բազմիցս դիմել եմ գյուղնախարարներին պետական միջոցներով նոր սարքավորումներ ձեռք բերելու հարցով, քանի որ պետությունը պետությունից կարողանում է շատ ավելի  էժան ձեռք բերել սարքավորումները , քան անհատ բիզնեսմենը : Հարցը, սակայն,  այդպես էլ լուծում չի ստանում>>,-  ընդգծում է Երվանդ Թարվերդյանը եւ ավելացնում տնտեսության  ու բիզնեսի զարգացման հարցում , այսօր,  հատկապես,  հետեւողական ու ակտիվ պիտի  լինի պետությունը: Մեր նախարարությունները, սակայն, ֆունկցիոնալ չեն, լծակներ չունեն: Այսօր գործարարները  նախարարությանը խնդրում են ոչ թե օգնել իրենց, այլ՝ չխանգարել:

Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական  կենտրոնի տնօրեն Աշոտ Սաղյանն էլ  Հայաստանի տնտեսության զարգացման հիմքում գիտական արտադրանքի  պոտենցիալն է տեսնում:

<< Պետք է առաջին հերթին վերանայել գիտական ուղղությունները: Հայաստանի տնտեսության զարգացման  հիմքը իմ կարծիքով գիտատեխնիկական առաջընթացն է: Այսօր Հայաստանում չկա գործարան, չկա  արտադրություն: Պետք է ճիշտ պետական մոտեցում եւ պետական քաղաքականություն: Քանի որ առանց գիտության տնտեսությունը  զարգացնելու քաղաքականությունը դատապարտված է լինելու>>,- ասում է:

Բարեփոխումների  աջակցության հանրային նախաձեռնությունում քննարկումը շարունակվում է մի քանի ժամ: Տնտեսագետներն ու գործարարները շատ հարցերի  մասին են բարձրաձայնում, որոնց պատասխաններն էլ ունեն: Հենց ոլորտի ներկայացուցիչների մոտ է բանալիները, որոնք տնտեսության զարգացման դռները կբացեն:

[smartslider3 slider=272]