Search
Close this search box.

Համաներու՞մ, թե՞ հրաժարական. մոտեցավ իքս ժամը

Հոկտեմբերի 16-ին տեղի է ունենալու կառավարության արտահերթ նիստ: Օրակարգը առայժմ հայտնի չէ: Արտահերթ նիստի հանգամանքը ինքնին ուշագրավ է: Կառավարության արտահերթ հավաքի համար տեսանելի դաշտում կարող է լինել թերեւս երկու պատճառ: Կառավարությունն արտահերթ հավաքվում է կամ համաներման նախագիծը քննարկելու եւ այն ԱԺ ուղարկելու համար,- իսկ արդարադատության նախարարը օրերս հայտարարել էր, որ լինելու է իր ծավալով աննախադեպ համաներում,- կամ էլ կառավարությունն արտահերթ նիստի է հավաքվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար:

Նիկոլ Փաշինյանն օրերս Ֆրանս 24 հեռուստաալիքին ասել էր, որ հրաժարական կտա մինչեւ հոկտեմբերի 16-ը եւ դեկտեմբերի 9-10-ին կլինի խորհրդարանի արտահերթ ընտրություն: Հոկտեմբերի 15-ին վարչապետի մամուլի խոսնակ Արմեն Եղոյանը հայտարարեց, որ այսօր հրաժարական չի լինի: Իսկ Ելք խմբակցության ղեկավար լենա Նազարյանը Lragir.am-ին ասել է, որ հրաժարականը լինելու է վաղը, բայց հայտնի չէ՝ կլինի կառավարության նիստում, թե այլ ժամի:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը դիտարկվում է որպես ԱԺ լուծարման գնալու սահմանադրական տարբերակ: Եթե կառավարության հրաժարականն ընդունելուց հետո 2 անգամ յոթնօրյա ժամկետում չի ընտրվում վարչապետ, խորհրդարանը լուծարվում է: Հոկտեմբերի 2-ից հետո խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ չեն առաջադրի վարչապետ: Դեկտեմբերին արտահերթ ընտրության հարցը գրեթե չի հարուցում որեւէ կասկած:

Հոկտեմբերի 14-ին Արցախում է եղել Հայաստանի նախագահը, ով մասնակցել է Բերքի տոնին եւ հանդիպել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկել շատ հարցեր: Բերքի տոնին Արմեն Սարգսյանի մասնակցությունը խորհրդանշական է, որովհետեւ խոշոր հաշվով ներկայում հասունանում է թավշյա հեղափոխության «բերքը» քաղելու, այսինքն խորհրդարանի արտահերթ ընտրությամբ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու եւ այդպիսով հեղափոխական էջը ծածկելու ժամանակը:

Արմեն Սարգսյանն այդ հարցում ունեցել է զուսպ եւ առանձնահատուկ դերակատարություն, որոշակի բանակցային բանագնացի դերակատարություն, սկսած ապրիլի 21-ից: Ըստ երեւույթին, Սարգսյանը մինչեւ վերջ կատարում է այդ դերը, ինչն ըստ էության այն չորրորդ հանրապետության ձեւավորման ճանապարհի մի մասն է, որը հռչակել է Արմեն Սարգսյանը դեռեւս փետրվար-մարտին:

Հայաստանում իսկապես ձեւավորվում է չորորդ հանրապետությունը, իհարկե պայմանական, սակայն նաեւ խորհրդանշական: Առկա է հետաքրքիր զուգահեռ ընթացք՝ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է քաղաքական իրավիճակը, Արմեն Սարգսյանն ապահովում բանակցային ընթացքը: Սարգսյանն օրերս անցել է Նյու-Յորք, Փարիզ, Մոսկվա երթուղով, Փարիզում հանդիպելով նաեւ Փաշինյանի հետ: Հոկտեմբերի 14-ին նա Արցախում էր եւ թերեւս ապահովում էր արտահերթ ընտրության արցախյան թիկունքը:

Խնդիրը անշուշտ բուն ընտրությունը չէ, այլ միջնաժամկետ քաղաքական հեռանկարը, որ սպասվում է ընտրության արդյունքում: Խոշոր հաշվով, ընտրությունն այլեւս թեմա չէ, թե ներքին, թե արտաքին սուբյեկտների համար, այդ ընտրությունից հետո քաղաքական ժամանակացույցն ու բովանդակությունն են, այսպես ասած չորրորդ հանրապետության ուրվագիծը:
Lragir.am