Search
Close this search box.

Քաղաքապետի երդման արարողությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել. Վ. Խաչատրյան

1992-1996 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահագն Խաչատրյանը Հայկ Մարությանի երդման արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Նախկին քաղաքապետը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հրավեր ստանալու դեպքում կգնար քաղաքապետարան, բայց միջոցառմանը հրավիրված մարդկանց տեսնելուց հետո դուրս կգար դահլիճից:

«Վիրավորվածության խնդիր չկա, ուղղակի ես չգիտեմ՝ ինչից ելնելով են հրավերներ ուղարկել, ինչ կարգով: Նախկինում ես էլ եմ զբաղվել այս ամենով և որքան տեղեկացված եմ, հատուկ կարգ գոյություն ունի և դրա համար համապատասխան մարմին կա քաղաքապետարանում»,- նշեց Վ. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին երդման արարողության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ բոլոր նախկին քաղաքապետերը հրավիրված են եղել միջոցառմանը:
«Ինձ մոտ նեղսրտվածություն կար երդման արարողությանը հրավիրված մարդկանց հետ կապված: Ես ինքս շատ վատ կզգայի, որ այդ մարդկանց կողքին մասնակցեի 2018 թ.-ի ազատ, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված ավագանու և քաղաքապետի Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը: Ես ինձ չէի պատկերացնի և չէի էլ ուզի այդտեղ լինել: Ինձ համար անհասկանալի էր այդ մարդկանց լինելը: Հրավերը լինելու դեպքում որևէ առիթ չէի ունենա մերժելու, բայց եթե այդ մարդկանց հետ լինեի, հաստատ դուրս կգայի դահլիճից: Այդ մարդկանց գաղափարների, այդ մարդկանց ստեղծած Հայաստանի դեմ ես պայքարել եմ»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Նախկին քաղաքապետը նշում է, որ խոսքը երդման արարողությանը ներկա և՛ քաղաքական գործիչների, և՛ մտավորականների մասին է:

«Պաշտոնյաների դեպքում արարողակարգային խնդիր կա, դա էլի ընկալելի է: Անկախ իմ քաղաքական հայացքներից, իմ անձնական մոտեցումներից, այդ մարդիկ որպես պետական ինտիտուտ ներկայացնող, պետք է մասնակցեին, դրանք ոչինչ, բայց այնտեղ մարդիկ կային, որոնց մասնակցությունն ինձ համար որևէ ձևով ընկալելի չէ: Այդ մարդիկ հակառակն են արել բոլոր առիթներով, գովաբանել են և ողջունել են այն, ինչը կատարվել է այս 20 տարիների ընթացքում ՀՀ-ում, հատկապես դա վերաբերում է մտավորականներին:

Այդ մարդիկ, նախ և առաջ, պետք է պատասխան տան ոչ թե իրավական, այլ բարոյական դաշտում: Այդ ի՞նչ կատարվեց, որ ամիսներ առաջ ձոներ էիք նվիրում նախկին իշխանավորներին, այդ թվում՝ նախկին քաղաքապետին, հիմա էլ ոգևորությամբ, երազանքներով, մեծ սպասումներով ողջունում եք: Այս առումով ես խորին շնորհակալություն պետք է հայտնեմ, որ ինձ չեն հրավիրել և երկընտրանքի առաջ չեն կանգնեցրել»,- նշեց նա:

Ներկա իշխանությունները հայտարարում են սիրո և հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու մասին, բայց Վահագն Խաչատրյանը խոսքով՝ հանդուրժողականությունը չի նշանակում, որ պետք է սկզբունքները ոտնահարել:

«Ինձ նման ավելի հանդուրժող, խաղաղասեր մարդ քիչ կա, բայց կարծում եմ, որ մեր երազանքի ապագային հասնելը սկզբունքայնություն է պահանջում: Իսկ այդ սկզբունքայնության մեջ մտնում է այն, որ տարիներով իրենց դրսևորումներով արժեքներն ուղղակի սպանած մարդկանց պետք է հեռու պահել»,- ասաց նա:
tert.am