Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյան. «Ղալաթ կանեն»

«Հրապարակ»-ը գրում է.

Նոր մանրամասներ ենք իմանում հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստից հետո կայացած ԲՀԿ-ՀՅԴ-ՀՀԿ ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։ Իրավական բանավեճն ագրեսիվ վարել են Արփինե Հովհաննիսյանն ու Գեւորգ Պետրոսյանը, քաղաքականը՝ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Ռուստամյանը։

Գործին «խառնվել» է նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը հարցրել է Փաշինյանին՝ բայց չէ՞ որ Դուք զանգահարեցիք, խնդրեցիք երկու ժամով հետաձգել հարցի քվեարկությունը՝ բանակցությունների համար, սակայն եկաք եւ ուլտիմատում ներկայացրիք, թե դեկտեմբերին ընտրություններ կլինեն, եւ այսքան ժողովուրդ բերեցիք ԱԺ։ Հավաքին մասնակցող ուժերը պնդել են, որ Փաշինյանն այդ 2-3 ժամն օգտագործել է ժողովրդին մոբիլիզացնելու համար։ Գեւորգ Պետրոսյանն էլ ասել է՝ պարոն Փաշինյան, հասկանում եք, չէ՞, որ ժողովրդին ԱԺ բերելը, ճնշում գործադրելը պառլամենտի վրա, անօրինական է։

Նիկոլն ասել է․ «Հասկանում եմ ձեզ, բայց իրականությունն այս է, եւ դուք պարտավոր եք այն ընդունել որպես առկա իրողություն»։ Իսկ նորմա՞լ է, որ պատգամավորները չեն կարողանում դուրս գալ ԱԺ տարածքից։ «Չկա նման խնդիր․ ցանկացած պատգամավոր կարող է դուրս գալ, եւ ժողովուրդը նրան ոչինչ չի անի»։ Բաբլոյանն ասել է՝ դե հիմա ես իջնում եմ գնամ, Արփինե Հովհաննիսյանն ասել է․ «Այդ դեպքում ես եւս իջնում եմ գնամ, թող հարձակվեն մեզ վրա»։ «Ղալաթ կանեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, որը պնդել է, որ հենց այդ պահին հուշագիր ստորագրվի դեկտեմբերին տեղի ունենալիք ընտրությունների մասով։ Արմեն Ռուստամյանն ասել է․ «Դու քո քայլն արել ես, եկել մեզ իրազեկո՞ւմ ես․ ի՞նչ հուշագրի մասին կարող է խոսք լինել»։