Search
Close this search box.

Գերմանիայի դեսպան․ Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթ պետք է լինի Հայաստանում

Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթ պետք է լինի Հայաստանում ցանկացած կառավարության համար։ Այս մասին հոկտեմբերի 3-ին գերմանացի հանրահայտ նկարիչ Հերբերտ Մայերի «Ովքեր ենք մենք» ցուցահանդեսի բացմանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մատիս Կիսլերը։ Ցուցահանդեսը նվիրված էր Գերմանական միասնության օրվան։

Նրա խոսքերով՝ կոռուպցիան արմատախիլ անելու համար քաղաքական ուժեղ կամք է պետք։

«Դեռեւս ապրիլին Հայաստանի վարչապետն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարն իր հիմնական խնդիրն է լինելու, եւ նա կատարեց իր խոստումները։ Սակայն ես կարծում եմ, որ կոռուպցիան արմատախիլ անելը երկարատեւ գործընթաց է, քանի որ դրա համար նախեւառաջ ահրաժեշտ է քաղաքական կամք, անհարաժեշտ է հասկանալ, թե ինչ կարելի է նախաձեռնել տարբեր քաղաքական ինստիտուտների հետ, եւ ինչպես դա անել։ Նոր իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին ամիսները շատ հուսադրող էին»,- ասաց Մատիս Կիսլերը։

Պատասխանելով կօգնի արդյոք կոռուպցիայի դեմ պայքարը ներդրումներ բերել Գերմանիայից հարցին՝ դեսպանն ասաց, որ գերմանական ներդրողները շատ պահպանողական են, եւ նրանց համար կարեւոր է անվտանգության երաշխավորումը՝ բոլոր իմաստներով։

Դեսպանի խոսքերով՝ դատական համակարգի անկախությունը շատ կարեւոր գործոն է երկրի իրավական անվտանգության համար։ «Դա այն է, ինչին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ուշադրություն է դարձնում, եւ դա շատ կարեւոր է։ Իհարկե, գերմանական ներդրողներին պետք են անվտանգության երաշխիքներ, որպեսզի պայմանագրի կնքումից հետո կողմերը կատարեն իրենց պարտավորությունները։ Միջավայրը լավացել է։ Անհրաժեշտ է հասկանալ՝ կոնկրետ ինչ շանսեր կան Հայաստանում գերմանական ներդրողների համար»,- ավարտեց դեսպանը։