Search
Close this search box.

Ծառուկյանի հանդիպումը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ ավարտվեց

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը քիչ առաջ ավարտվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ։ Այս մասին հայտնել է Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Ծառուկյանը հանդիպումը կազմակերպել էր ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի օգտին քվեարկության և հաջորդած իրադարձությունների մանրամասներին տեղեկանալու համար: Խոսնակը հայտնեց, որ հանդիպման արդյունքի մասին կտեղեկացնեն ավելի ուշ։

Ավելի վաղ Ծառուկյանի խոսնակ, դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը իր Ֆեյսբուքի էջում գրել էր. «Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է միայն այսօր»։