Search
Close this search box.

Աղմկահարույց նախագծի հակասահմանադրական նրբերանգները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ օրենքում նախօրեի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում կատարված աղմկահարույց փոփոխությունները, պարզվում է, սահմանադրականության հետ կապված խնդիր ունեն: Ու հիմա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է օրինագիծը քսանմեկօրյա ժամկետում ստորագրելու փոխարեն ուղարկել Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար:

Բանն այն է, որ Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա չի կարող տարածվել նախօրեին ընդունված փոփոխությունը, թե ԱԺ նիստը կարող է ընդմիջվել, եթե այն տեղի չի ունեցել պատգամավորներից անկախ պատճառով: Բանն այն է, որ Սահմանադրությամբ հստակ 14 օր ժամանակ է տրամադրվում խորհրդարանին նոր վարչապետ ընտրելու համար, և էական չէ, թե ինչ պատճառով ԱԺ-ն չի կարողանում ընտրել վարչապետ՝ նիստը չի կայացել, չեն թողել պատգամավորներին գալ աշխատանքի և այլն: Միևնույն է, դա նշանակում է, որ խորհրդարանը չի գործում կամ անգործունակ է, հետևաբար պետք է լուծարվի:

Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը շեշտել է, թե ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին: «ժողովուրդն ինքն է իշխանության միակ և անփոխարինելի սեփականատերը, և ժողովուրդն էլ ցանկացած պահի, եթե գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորները չպետք է մտնեն իրենց աշխատավայր և նիստ գումարեն, ուրեմն դա օրինական պահանջ է»- ասել է նա:

Մինչ այդ նկատենք, որ եթե շատերը համոզված են՝ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ կներկայացնի նախագիծը, ապա որևէ երաշխիք չկա, որ ՍԴ-ն այն հակասահմանադրական կճանաչի. ի վերջո, ՍԴ անդամները նշանակվել են նախկին իշխանությունների օրոք, հետևաբար կարծիք կա` փորձելու են գործել հօգուտ հակահեղափոխության, եթե իհարկե, իրենց մոտ փոփոխություն տեղի չի ունեցել»: