Search
Close this search box.

Արեգ Գրիգ. Համաշխահային երգի օդաչուն երկինք բարձրացավ

Կյանքի եւ Բոհեմի ֆենոմենը հավերժացրեց համամարդկային երգը: Բացատրեց, որ իրականությունը այնքան էլ իրական չէ, եթե քեզ փնտրելիս շատ անպատասխան հարցեր ծիլ են տալիս: Եթե քայլերիդ համանվագը դիրիժորական փայտիկով չի հնչում, ուրեմն մեղեդին արդեն ազնավուր է:

Ուրույն հոգու մի ճիչ,
մի բերկրանք անտուն կմնա,
խնկարկվեց մի սուրբ անուն
որ երգը հավիտյան խաղա:

Խոսքի վարպետը մեղեդին պատռում էր բեմի վրա, ծնկում երեխայի պես, մեկառմեկ հավաքում սրտի վիրավոր կտորտանքները, պահում ափերի մեջ, համբուրում, որ աշխարհին տա:

Սերն էր երգում հույզերն ի վեր,
ճեղքում հոգու պատերը խոլ,
արթնանում էր մուժ երեկոն
ցողում երգը արշալույսի:

Ամբողջովին տրվեց մարդկությանը, տվեց ավելին իր չունեցածից, անմնացորդ ծառայեց յուրաքանչյուր նոտայի, բայց իր կյանքն այդպես էլ չկարողացավ նոտագրել:

Ամեն մի երգ բեմադրեց իսկույն,
աշխարհին տվեց յուր աշխարհի
գաղտնարանը սիասպասված,
ամեն երգով պատմեց անվախ
մի նոր ցավի բորբ խնդություն,
խնդաց վշտաթաց ալիքներում՝
ժպիտը սփռելով արևին անհասցե:

Սիրեց հնչյունը հոգու ու թռչեց դեպի մաքրամաքուր լազուրը: Ազնավուրյան անաղարտությամբ գրեց կյանքի նախերգանքն ու վերջերգը…
Տե՜ս, անգամ կախման կետերից է ազնավուր ծորում:

Արեգ ԳՐԻԳ