Search
Close this search box.

ԵԽԽՎ համազեկուցող.Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին չշտապել արտահերթ ընտրությունների հարցում

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Յուլիա Լեվոչկինան Հայաստանի  բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել լիովին հարգել ժողովրդավարական սկզբունքները եւ օրենքի գերակայությունը ինչպես խոսքով, այնպես էլ գործով:

«Երեւանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միեւնույն ժամանակ մասնակցությունը ցույց տվեց, որ քաղաքական գործընթացին հասարակական վստահությունը ցածր է մնում: Ուստի կարեւոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները բոլոր քաղաքակաան ուժերի եւ շահագրգիռ կողմերի համար  ընկալվեն որպես ժողովրդավարական եւ արդար:  Թեեւ մենք հասկանում ենք արտահերթ ընտրությունների կոչը, մենք համառորեն կոչ ենք անում իշխանություններին եւ բոլոր շահագրգիռ քաղաքական կողմերին ապահովել, որպեսզի արտահերթ ընտրությունները լիովին համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների անցկացման եվրոպական ստանդարտներին եւ նորմերին եւ որպեսզի բոլոր քաղաքական ուժերը բավականաչափ ժամանակ ունենան պատրաաստվելու համար:

Դա հատկապես կարեւոր կլինի այն դեպքում, եթե Ընտրական օրենսգիրքը իսկապես փոխվի, ինչպես դա պահանջել են որոշ քաղաքական ուժեր: Բոլոր փոփոխությունները պետք է լիովին հաշվի առնեն Վենետիկյան հանձնաժողովի ղեկավար սկզբունքները, այդ թվում՝ ընտրական օրենսդրության կայունության առումով եւ պետք է բոլոր քաղաքական ուժերի միջեւ հիմնվեն  հնարավորինս լայն կոնսենսուսի վրա», — ասվում է համազեկուցողի հայտարարության մեջ:

Նա ընդգծել է, որ բավականաչափ ժամանակ է անհրաժեշտ պատշաճ խորհրդատվությունների անցկացման եւ կոնսենսուսի հասնելու համար, եւ դա ավելի կարեւոր նշանակություն կունենա սահմանադրական հնաարավոր փոփոխությունների ենթատեքստում, որոնք պետք չէ հապճեպ դիտարկել:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, որոնք քաղաքական իրավիճակում լարվածությունն ուժեղացրել  են եւ հանգեցրել են քաղաքական հաշվեհարդարի  եւ քրեական հետաքննությունների քաղաքական դրդապատճառների մասին հայտարարություններին, Լեւոչկինան նշել է. «Մենք բազմիցս ողջունել ենք Հայաստանում իշխանության խաղաղ եւ ժողովրդավար փոխանցումը, այդ թվում իշխանությունների հավաստիացումներն այն մասին, որ ժողովրադավարական սկզբունքները լիովին կապահովվեն եւ այն, որ դատական համակարգը իր աշխատանքը կկատարի առանց քաղաքական միջամտության՝ դրանով խուսափելով քաղաքական հաշվեհարդարի մասին ցանկացած մտավախություններից:

Ես շեշտում եմ, որ հանցագործությունների համար անպատժելիություն չի լինի, անկախ նրանցից, թե ով է դրանք կատարել: Հետեւաբար, մենք ողջունում ենք 2008 թվականի մարտին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհված տասը մարդկանց մահվան վերաբերյալ վստահության արժանի հետաքննությունը:

Սակայն ցանկացած հետաքննություն, ներառյալ կոռուպցիոն պնդումների վերաբերյալ, պետք է խստորեն իրականացվի օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատաքննության սկզբունքների համաձայն»:

Մոնիթորինգի հանձնաժողովի խնդրանքով համազեկուցողները մոտ ապագայում կայցելեն Հայաստան բոլոր շահագրգիռ կողմերի հետ վերջին իրադարձությունները քննարկելու համար: