Search
Close this search box.

«Ծառուկյան» խմբակցությունը հավատարիմ է մնում ընտրությունները մայիս-հունիսին անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը վստահեցնում է՝ իրենց խմբակցությունը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչ մեկ տարում անցկացնելու՝ կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ ընդունված պայմանավորվածությանը:  Մելքումյանն այս մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք մնում ենք մեր տեսակետին՝ նրան, ինչ պայմանավորվել էինք կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ, որ մինչև մեկ տարում՝ մայիս-հունիսին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ժամանակը հարաբերական չէ, կան արգումենտներ»-,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ քաղաքական ուժերին պետք  է որոշակի ադապտացիոն շրջան, որպեսզի պատրաստվեն ընտրություններին:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանում անցկացված բանակցություններին՝ նա նշեց, որ հնչեցին փաստարկներ, հակափաստարկներ, բոլորը քննարկվեցին: «Բայց կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները նախապատրաստվում է անել դեկտեմբեր ամսին»,- ասաց պատգամավորը ու հավելեց՝ որևէ պայմանավորվածություն չի եղել այդ քննարկման ժամանակ, եղել է պարզապես քննարկում: