Search
Close this search box.

Անժելա Պապիկյանի կոչը Նիկոլ Փաշինյանին. Սատարեք դատապարտյալների կանանց ու քույրերին

Հարգելի խմբագրություն կարդացի Ռուբինա Խաչատրյանի բաց նամակը ուղղված ՀՀ նախագահի եւ վարչապետի կանանց։ Հուզիչ էր ու չէի կարող չարձանգանքել։ Բանտարկյալ բարեկամ-հարազատ չունեմ, բայց գործի բերմամբ շատ եմ շփվել նրանց հարազատների հետ։ Բժիշկ եմ ու իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ նրանք սթրեսային վիճակում են միշտ գտնվում։ Այլ կերպ՝ միշտ մտածում են փշալարերով ծածկված շինություններում ապրող իրենց հարազատների մասին։

Հետեւում եմ սոցկայքերի քննարկումներին, լրատվամիջոցների հրապարակումներին։ Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան՝ ինձ լրիվ անծանոթ մի մարդ։ Բայց կարծես նա իմ վաղեմի ծանոթն է, որովհետեւ կարդալով նրա հարցազրույցները, հեռուստատեսությամբ լսելով նրա պարզաբանումները՝ ներքին համոզմունքով զգում ես, որ մարդը Աստծո պատվիրանները չի խախտել՝ մարդ չի սպանել։ Ու հարց ես տալիս ինքդ քեզ՝ այդ ինչպես ու ինչու են դատավորները իրենց ներքին համոզմունքով մարդուն մեղավոր հռչակում եւ պատիժ սահմանում։

Արդյոք որեւէ հոգեբան հետաքրքրվել է ցմահների հոգեվիճակով՝ 20 եւ ավելի տարի անազատության մեջ։ Հիմա էլ լրատվամիջոցներով հրսպարակումներ են լինում ցմահներից մի քանիսին ներում շնորհելու մասին։

Հարգարժան վարչապետ պարոն Փաշինյան ու ՀՀ նախագահ պարոն Սարգսյան մի պահ պատկերացրեք այդ դատապարտյալների ու նրանց հարազատների ապրումները։ Ի մասնավորի՝ Ստեփան Գրիգորյանի զավակները, թոռները ինչպես իրենք են նշում հոդվածներից մեկում՝ ամեն Աստծո օր սպասում են հոր ու պապիկի ներմանը։ Եվ ուրեմն քայլ արեք համաներման ու ներման, Դուք ժողովրդի իշխանությունն եք, իսկ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Անձամբ ես մասնակցելու եմ հոկտեմբերի 7-ից սկսվող հանրահավաքին՝պահանջելով համաներում ու ներում։ Ուրախ կլինեմ որ այնտեղ տեսնել վարչապետի ու նախագահի կանանց։ Կանգնեք մայրերի կողքին, սատարեք դատապարտյալների կանանց ու քույրերին եղբայրներին եւ ամուսիններին(չմոռանանք կին դատապարտյալներին)։

Հեղափոխություն անենք նաեւ այս հարցում եւ հավատացեք՝ բազմահազար մարդկանց օրհնանքի կարժանանանք։ Նրանք ամեն օր առ Աստված կաղոթեն Ձեր ու Ձեր երեխաների համար։

Հարգանքներով՝ Անժելա Պապիկյան